ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշում են կայացրել այս գործով առհասարակ որևէ մեկնաբանություն չտալ և չխոսել: «Սա մեր որդեգրած տակտիկան է»,- ասաց տիկին Կիրակոսյանը:
Մեր դիտարկմանը՝ Սամվել Բաբայանի պաշտպանը պնդում է, որ Բաբայանին կալանավորել են բացառապես Պողոսյանի ենթադրություն հանդիսացող ցուցմունքի հիման վրա, իրենք չե՞ն ցանկանում արձագանքել դրան, տիկին Կիրակոսյանը պատասխանեց. «Դա սխալ ինֆորմացիա է: Այլ բան չունեմ ասելու: Նախաքննություն է ընթանում, և այս գործով ես որևէ հարցազրույց չեմ տալիս և չեմ տալու: Դա մեր դիրքորոշումն է»:
Վիկտորյա Կիրակոսյանը հրաժարվեց նաև պատասխանել հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Սամվել Բաբայանն ու Արմեն Պողոսյանը իրար չեն ճանաչում: «Ես կրկնում եմ, որ հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի»,- պնդեց Պողոսյանի պաշտպանը:
Նորից համառեցինք՝ հարցերին պատասխանելուց, դիրքորոշում հայտնելուց հրաժարվելը հնարավո՞ր է պայմանավորված է այն հանգամանքով, որ Արմեն Պողոսյանի ցուցմունքը շինծու է՝ հարցրինք, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացանք:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի պաշտպանի խոսքով՝ Սամվել Բաբայանին մեղադրում են նրանում, որ իբր նա պատվիրել է ձեռք բերել «Իգլա» տեսակի զենքը, որի դիմաց նա խոստացել է գումար տրամադրել: «Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: Խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է, որ ենթադրում եմ՝ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող էր պատվիրած լինել: Այդ ենթադրությունն արած անձն ավելի վաղ Բաբայանի հետ միաժամանակ ձերբակալված, ապա կալանավորված Արմեն Պողոսյանն է: Այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում, մեղադրանքի առաջադրման հիմք է հանդիսացել ինչ-որ անձի ենթադրություն»,- մեզ հետ զրույցում ասաց Ավետիս Քալաշյանը:
Նշենք, որ Սամվել Բաբայանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:







































