Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էին քննարկում` Հայաստանի՝ Մաքսային Միությանը միանալու հայտարարության վերաբերյալ:
Քննարկման բանախոսներից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի միացումը Մաքսային միությանը կհակասի ՀՀ Սահմանադրությանը:
Վերջինս նշեց, որ թեպետ հստակ չէր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի էությունը, այդուհանդերձ ինքն ավելի կողմ է, որ Հայաստանը շարժվի եվրոպական քաղաքակրթության ուղղությամբ:
Ըստ նրա` Հայաստանի այս որոշմամբ Ռուսաստանին պարզապես պետք էր ապացուցել, որ տարածաշրջանում ձայն ունի։ «Սա այն որոշումը չէր, որը բխում էր Հայաստանի շահերից»,- ասաց Պողոսյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ երբ ասում ենք, որ Եվրոպան դուռը փակեց, դա պարտվողական դիրքորոշում է, և մենք պետք է ունենանք այնպիսի դիվանագետներ, որ կարողանան ցանկացած փակ դուռ բացել:
Թևան Պողոսյանը հավելեց, որ ինքը հասկանում ու գիտակցում է, թե Հայաստանն անվտանգության ինչ խնդիրներ ունի, բայց միաժամանակ ընդգծեց, որ հենց Հայաստանը տարածաշրջանում պետք է պահի ուժերի բալանսը:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։











































