Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր «Հայաստանի նոր ընտրութունը» թեմայով քննարկում:
Քննարկման ընթացքում յուրաքանչյուր բանախոսի հնարավորություն տրվեց 15 րոպեների ընթացքում արտահայտել իր տեսակետը՝ կապված Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտնի հայտարարության հետ: Ավարտից հետո մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը կապված Հայաստանի ներքին խնդիրների հետ, և հնարավո՞ր է մի օր էլ մտափոխվեն, ինչին ի պատասխան՝ քննարկման բանախոսներից ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի իշխանություններն այսօր էլ ասում են, որ իրենց որոշումը չի փոխվել: Ասում են, թե պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Տվյալ դեպքում արդեն դա հակառակ կողմի որոշման հարցն է: Ֆորմալ առումով որոշումը չի փոխվել, և ինչպես իշխանությունները սիրում են ասել՝ գնդակը եվրոպացիների դաշտում է»։
Բանախոսներից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ, պատասխանելով նույն հարցին, ասաց․ «Երբեք մի ասա՝ երբեք, բայց իշխանությունները պետք է կարողանան մեր շահերը հետապնդող որոշում կայացնել»։









































