Սիրիայի վարչակարգը փորձում է ժամանակ շահել՝ խոստանալով քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողությանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փոքր և միջին բիզնեսի միջազգային խորհրդի նիստին:
«Սիրիական վարչակարգը փորձում է ժամանակ շահել: Մինչ օրս Բաշար Ալ-Ասադի վարչակարգը ոչ մի պահանջ չի կատարել: Մենք չենք հավատում նրան նաև քիմիական զենքի փոխանցման հարցում»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ սիրիական վարչակարգը պետք է պատասխան տա կատարած սպանությունների համար՝ անկախ նրանից դրանք կատարվել են «քիմիական, թե այլ տեսակի զենքով»:
«Ստացվում է, որ եթե քիմիական զենք ես օգտագործում, հանցագործություն է, իսկ եթե չես օգտագործում՝ հանցագործություն չէ: Մահը մահ է, անկախ այն բանից՝ ինչ զենք է կիրառվել, և վարչակարգը պետք է պատասխան տա դրա համար»,- ընդգծել է նա:










































