Սեպտեմբերի 3-7-ը Իտալիայի Բոզե վանական համալիրում տեղի է ունեցել ուղղափառ հոգեկանությանը նվիրված «Հոգևոր կյանքի շրջափուլերը» խորագրով 21-րդ էկումենիկ միջազգային կոնֆերանսը, որին ներկա են եղել 200-ից ավել աշխարհականներ և հոգևորականներ Ուղղափառ, Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիներից, տարբեր վանքերից և քրիստոնեական կազմակերպություններից: Կոնֆերանսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների ծիսահայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, որը ներկաներին է փոխանցել Գարեգին Բ Վեհափառի օրհնությունն ու բարեմաղթանքները:
«Անհնար է պատկերացնել մարդու կյանքն առանց Արարչի հետ հաղորդակցության, որն իմաստավորվում է կենդանի գործերով և հավատքի կյանքով: Չնայած Ս. Մկրտությամբ սկիզբ առնող հոգևոր կյանքը լի է բազում փորձություններով, բայց Տիրոջ օգնականությամբ հաղթահարելի է ամեն ինչ, երբ աներեր հավատ, հույս և սեր կա հանդեպ մեր Տերը, ով աշխարհ եկավ մարդկության փրկության համար` ցույց տալով երկինք տանող ճանապարհը: Նրան հետևեցին, Նրանով գոտեպնդվեցին և Նրանով զորացան իրենց հավատքի և հոգևոր փորձառության մեջ նաև Եկեղեցու Ս. Հայրերը` հոգեշահ գրվածքներով կրթելով մարդկանց հոգիներն ու մտքերը»,- ասվում է Հայոց Հայրապետի ուղերձում:
Կոնֆերանսի ընթացքում Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն առանձին հանդիպում է ունեցել Բոզեի վանքի հիմնադիր և կոնֆերանսի կազմակերպիչ Էնցո Բիանկիի հետ` նրան փոխանցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ողջույնները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Մայր Աթոռի և վանական համալիրի միջև ձևավորված ջերմ հարաբերություններին և հետագա համագործակցության ծրագրերին:
Էկումենիկ միջազգային կոնֆերանսի ժամանակ Ս. Գրքի և հայրախոսական ժառանգության լույսի ներքո բանախոսներն անդրադարձել են հոգևոր կյանքի առանձնահատկություններին և արդի մարտահրավերներին, մասնակիցները նաև աղոթել են Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրայում խաղաղության հաստատման և ամրապնդման համար:








































