Արդեն հիսուն օր է, ինչ քաղաքապետարանի դիմաց ակտիվիստները շարունակում են պահանջել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում «Վճարում ենք հարյուր դրամ» շարժման անդամ Դավիթ Գևորգյանն ասաց, որ չնայած պայքարը հաջողությամբ վերջացավ, սակայն պայքարի ողջ ընթացքում այս երկու պաշտոնյաներն իրենց, մեղմ ասած, ոչ կոռեկտ են պահել ինչպես լրագրողների, այնպես էլ ակտիվիստների նկատմամբ:
Ասուլիսի մյուս բանախոս շարժման անդամ Ռուզաննա Գրիգորյանն էլ հավելեց, որ տրանսպորտի գնի թանկացումը բխել է այս երկու պաշտոնյաների շահերից, դրա համար են իրենք պահանջում հատկապես նրանց հրաժարականը. «Բացի նրանից, որ այս երկու պաշտոնյաները ապօրինի որոշում են կայացրել, նաև գծատեր են և այդ կերպ իրենց անձնական շահն են պաշտպանել: Մեկ շաբաթ տևողությամբ ակցիաների ժամանակ այս մարդիկ հայհոյել են, ակտիվիստների կյանքին են սպառնացել, դրսևորել են քրեական վարքագիծ: Մենք պահանջում ենք նրանց հրաժարականը, որպեսզի պատասխանատվության ինստիտուտ ձևավորվի պետական պաշտոնյաների շրջանում»:
Քաղաքապետարանի դիմաց արդեն հիսուն օր տևող նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանն էլ ընդգծեց, որ պայքարի նոր քայլեր են մշակվելու՝ իրենց պահանջը կյանքի կոչելու համար. «Սպառվել է այն ողջամիտ ժամանակը, որը տրված էր քաղքաքապետարանին՝ որոշում կայացնելու համար: Մոտ ապագայում մեր պայքարի գործիքն էլ կփոխվի, պահանջն էլ»:
Այն հարցին, թե այս ընթացքում որևէ հաջողությունների հասե՞լ են, նա պատասխանեց, որ կարողացել են հանրության մեջ մի փոքր ավելի խորացնել պատասխանատվության մեխանիզմները, ինչպես նաև հավաստի աղբյուրներից տեղեկացել են, որ քաղաքապետն ավելի բարեհամբույր է իր աշխատակիցների նկատմամբ:











































