ԱՄՆ-ում գոյություն ունի որդեգրված օտարերկրացի երեխաների «ընդհատակյա բորսա»: Երեխաներն ընտանիքից ընտանիք են փոխանցվում համացանցի միջոցով: Այդ համակարգում ներգրավված են հարյուրավոր երեխաներ: Այս մասին են վկայում Reuters գործակալության կողմից ԱՄՆ-ում անցկացված լրագրողական հետաքննության արդյունքները:
Վեց ամսվա ընթացքում գործակալության լրագրողներն ուսումնասիրել են ԱՄ-ում օտարերկրացի որդեգրված երեխաների, այսպես կոչված, «մասնավոր տեղաշարժը»: Համացանցում հայտնաբերվել է մասնագիտացված 8 խումբ, որի անդամները զբաղվել են նման պրակտիկայով:
Խմբերից մեկը Adopting-from-Disruption-ն է, որի մասնակիցների նամակագրությանը հետևել են լրագրողները: Նրանց տեսադաշտում է հայտնվել 261 երեխա, մեծ մասը՝ 6-14 տարեկան, սակայն նրանց թվում է եղել նաև 10 ամսական մի տղա:
Երեխաները հիմնականում եղել են Եթովպիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Հայիթիից, Գվատեմալայից, Վիետնամից, Բրազիլիայից, Ղազախստանից և այլն:
«Երեխաների ընդհատակյա շուկայի» մասին իրազեկվելուց հետո Yahoo! ընկերությունը, որի ռեսուրսներից օգտվել է խումբը, փակել է այն: Facebook-ում առկա խումբը շարունակում է գործել: Ընկերությունը նշում է, որ արտացոլում է հասարակական հետաքրքրությունների ու զբաղմունքների լայն շրջանակ:









































