«Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում Ադրբեջանի և Իրանի երկաթուղային համակարգերի միավորման ակտիվ աշխատանքների դեպքում դա հնարավոր կլինի 3-5 տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի տեղակալ Մուսա Պանահովը:
Նրա խոսքերով՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում աշխատանքների հիմնական ծավալը բաժին է ընկնում իրանական կողմին, որը ներկայում կատարում է Կազվին-Ռեշտ տեղամասի երկաթուղային շինարարությունը:
Իրանական կողմի տվյալներով՝ այս նախագծի շրջանակներում կատարվել է աշխատանքի 60%-ը: Այս տեղամասում շինարարությունից հետո աշխատանքներ կսկսվեն Ռեշտ-Աստարա տեղամասում:
Պանահովի խոսքերով՝ մոտակա ժամանակներս հնարավոր է կայանա հանդիպում, որի շրջանակներում ադրբեջանական և իրանական կողմերը կքննարկեն հերթական քայլերը երկու երկրների երկաթուղային համակարգերը միավորելու հարցով:










































