Մամուլը գրել էր, որ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը, ով խորհրդարանական ընտրություններին ստացել էր 5612 ձայն, կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, քանի որ Գագիկ Ծառուկյանը միանձնյա որոշել է, որ նա ԱԺ չի գնալու:
Նույն տարածքում առաջադրված Արտյոմ Ծառուկյանը, ով Գագիկ Ծառուկյանի մերձավորն է, ստացել էր 5104 ձայն: Նպատակը Արտյոմ Ծառուկյանին ԱԺ բերելն է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արթուր Մամոյանի օգնական Արմեն Սիմոնյանը նշեց, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, Արթուր Մամոյանը կուսակցության մեջ է հիմնադրման պահից, Արթուր Մամոյանը շարունակում է մնալ ԲՀԿ Նոր Նորքի տարածքային խորհրդի նախագահ: Հարցին՝ արդյոք նա մանդատը կվերցնի, Արմեն Սիմոնյանը պատասխանեց.«Առհասարակ Ծառուկյան դաշինքում ստիպողաբար ոչինչ չի լինում, որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով մեր առաջնորդի կարծիքը, և որոշումները կայացվում են թիմային: Այս պահի դրությամբ մանդատների հետ կապված մենք տեղեկատվություն տրամադրել չենք կարող»:
Նա նաև նշեց, որ Արթուր Մամոյանը ընդհանրապես չի հիասթափվել.«Ճիշտ հասկացեք, մեր դաշինքում ցանկացած վարկանիշային թեկնածու մտածում է դաշինքին օգուտ բերելու մասին, որովհետև մեզ մոտ առաջին հերթին խնդիրը ոչ թե ինքնանպատակ պատգամավոր դառնալն է, այլ գերակա խնդիրը մեր 15 կետերի իրականացումն է»,-հավելեց Մամոյանի օգնականը:
Արթուր Մամոյանը իր ստացած ձայներից գոհ է: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյան-Մամոյան հարաբերություններ լարվածությանը, Արմեն Սիմոնյանը նշեց.«Պարոն Ծառուկյանը շարունակում է իր կուսակիցների հետ աշխատանքային հարաբերությունները պահպանել, ամեն ինչ նորմալ է»:
Հանդիպե՞լ են արդյոք Արթուր Մամոյանը և Գագիկ Ծառուկյանն ընտրություններից հետո, Արմեն Սիմոնյանը ասաց որ նման տեղեկատվության չի տիրապետում, ուստի չի կարող հարցին պատասխանել: