Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Chrome դիտարկիչի բետա տարբերակում հայտնաբերվել է Google-ի նոր տարբերանշանը: Տառերը դարձել են «հարթ»՝ ստվերների ու ավելի վաղ գույների բացակայության հաշվին: Բացի այդ, նոր տարբերանշանը նկատվել է ընկերության սերվերում: Այս մասին հայտնում է ArsTechnica-ն:
Google-ի նոր տարբերանշանը լիովին հակադրվում է Yahoo-ի տարբերանշանին, որը թարմացվել էր մեկ շաբաթ առաջ: Մարիսա Մայերի ընկերությունը որոշել է տառատեսակն ավելի ծավալուն դարձնել՝ թեթևակի ստվերներ ավելացնելով տառերի ներսում:
Վերջին անգամ Google-ը տարբերանշանը թարմացրել էր 2010 թվականին:
Google-ի բրենդային հարցերի ռազմավարությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ համացանցում հայտնված տարբերանշանը չի փոխարինի ավանդականին, համենայնդեպս՝ առաջիկայում: Այն մշակված է այն դեպքերի համար, երբ սովորական տարբերանշանը կարող է լավ տեսանելի չլինել, հատկապես գովազդային ցուցանակներին:







































