ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Դագ Համարշյոլդի մահվան հանգամանքները հետաքննող հանձնաժողովը տվյալներ ունի, որ 1961 թ. սեպտեմբերի 18-ին ինքնաթիռը հարձակման է ենթարկվել, ինչն էլ դարձել է ավիավթարի պատճառ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանձնաժողովի հրապարակած զեկույցը:
DC-6 ինքնաթիռը, որում եղել է Համարշյոլդը, խաղաղության առաքելությամբ թռչում էր Կոնգո, երբ վթարի ենթարկվեց ներկայիս Զամբիայի տարածքում:
Պատահարի հանգամանքները պարզելու համար փաստաբանների հանձնաժողովն ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը խնդրել է բացել ռադիոորսիչ համակարգերի ձայնագրությունն ավիավթարի վայրում: Մասնավորապես, քննարկվում է տվյալն այն մասին, որ օդանավն ընկնելուց առաջ պայթել է օդում, իսկ վթարի պահին դրա կողքին երկնքում նկատվել է ևս մեկ ինքնաթիռ:
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել փաստաբանների հանձնաժողովին, որի զեկույցը կուսումնասիրեն իր քարտուղարությունում:












































