Իրանի նախարարների կաբինետի բոլոր անդամներն օգտահաշիվներ ունեն Facebook սոցցանցում, որի հասանելիությունը երկրում պաշտոնապես արգելափակված է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի մամուլին:
Վերջերս նախագահի լիազորությունը պաշտոնապես ստանձնած Հասան Ռուհանին նույնպես էջ է բացել Facebook-ում: Իրանցիները կարող են նրա, ինչպես նաև նախարարների էջերը տեսնել՝ միայն պրոքսի-սերվերների օգնությամբ արգելափակումը շրջանցելով:
Ավելի վաղ Ռուհանին և մի քանի նախարարներ իրենց համար օգտահաշիվներ էին բացել Twitter-ում, որը նույնպես արգելափակված է Իրանում: Սեպտեմբերի 4-ին նախագահի էջում նոր տարվա կապակցությամբ շնորհավորանք էր հայտնվել՝ ուղղված հրեաներին: Ինչպես գրում է The Washington Post-ը՝ երկրի նոր ղեկավարությունը ցանկանում է սոցցանցերը կիրառել արտաքին աշխարհի հետ շփման համար:
Հասան Ռուհանին վերջերս հայտարարել էր, որ անհրաժեշտ չի համարում աշխարհում հայտնի մի շարք կայքերի արգելափակումը, այդ թվում՝ սոցցանցերի: Սակայն առայժմ համացանցում սահմանափակումների հանմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին չի հաղորդվում:








































