«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 6-ին մահացել էր Բանդայի գործով մեղադրյալներից մեկը՝ Արման Դալլաքյանը (Կոլոտ Արման): Այսօր տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը: Մինչ Արման Դալլաքյանին հողին հանձնելը՝ Սուսաննա Խաչատրյանը՝ Արման Դալլաքյանի մայրը, մանրամասներ պատմեց որդու սպանության մասին:
Նա նշեց, որ որդուն ձերբակալելուց առաջ նրա գրպանը թմրանյութ են գցել, որի հիման վրա էլ ձերբակալել են: Մոր պնդմամբ՝ ոստիկանները որդուն դաժանորեն ծեծել են, որպեսզի նա մեղքն ընդունի, սակայն այդպես էլ չեն կարողացել նրա վրա ազդել. «Ծեծել են սարսափելի աստիճանի և ասել՝ «եթե վիզ չվերցնես, որ դու ես արել, կնգադ ու երեխեքիդ մոտդ կբերենք»: Այն աստիճանի են հասցրել, որ պատահաբար, չգիտեմ՝ որտեղից, դանակը վերցրել ու իրեն վնասել է: Վնասելուց հետո տարել են վիրահատելու, բայց մենք ոչինչ չենք իմացել: Վերակենդանացման բաժանմունքից որդուս տարել են ոստիկանական բաժանմունք՝ այն դեպքում, երբ ծեծելուց կողը մտած է եղել թոքի մեջ, և առաջացել է պնևմոթորաքս»:
Տիկին Սուսաննայի հավաստմամբ՝ որդին անարդարության զոհ է: Բացի այդ՝ իրենցից 5 հազար դոլար կաշառք են ուզել որդուն ազատելու համար:
Չնայած Արմանի մայրը չի հավատում, որ գործն ինչ-որ մեկի վրա չեն բարդի, բայց պատրաստ է բոլոր դատական ատյաններով անցնել՝ ճշմարտությունը պարզելու համար:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը՝ eMedia.am-ի












































