Նախօրեին հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Լրատվամիջոցը հավանաբար նկատի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա է այն խոշոր օլիգարխը, որն իր կուսակցությունը «այլընտրանքային» է համարում: «Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին` ԱԱԾ կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ»,- նշված է հրապարակման մեջ:
«Առաջին լրատվական»-ը դեռևս նախագահական ընտրություններից առաջ էր տեղեկություններ հրապարակել, որ Գ. Ծառուկյանն իր խնամի՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին նման մի հզոր համակարգ է ստեղծել՝ գաղտնալսելու քաղաքական դաշտի հեռախոսային ու ինտերնետային հաղորդակցությունները: Շատ պաշտոնյաներ երկար ժամանակ է, ինչ զգուշանում են միմյանց հետ կարևոր խոսակցությունները հեռախոսով, աշխատասենյակում կամ որևէ փակ տարածքում անցկացնել: Նրանք դրա համար հիմնականում նախընտրում են բաց տարածքներում զբոսնելով խոսելու տարբերակը, քանի որ համոզված են, որ ոչ միայն իրենց հեռախոսային խոսակցություններն են գաղտնալսվում, այլև իրենց աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր են տեղադրված:
Ի դեպ, Գ. Ծառուկյանն իր այդ համակարգը ստեղծելու համար հրավիրել է Ազգային անվտանգության ծառայության՝ այդ գործում լավագույն նախկին կադրերին: Վերը նշված հրապարակման համաձայն` ԲՀԿ ղեկավարի ստեղծած համակարգում են գտնվում նաև ԱԱԾ կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ: Մեր տեղեկություններով` Գ. Ծառուկյանն իր այդ համակարգը ստեղծել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, և վերջինիս օգնությամբ ու միջամտությամբ էլ այդ սարքավորումները ԱԱԾ-ից տեղափոխվել են իրենց ստեղծած համակարգ: Այժմ նախկին ու ներկա այս պաշտոնյաներն այդ համակարգի միջոցով տիրապետում են քաղաքական ու տնտեսական դաշտի բոլոր խոսակցություններին ու գաղտնիքներին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` նման մի մարմին է ստեղծել նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Վերջինս նման որոշում է կայացրել իր դեմ կատարված մահափորձից հետո: Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` 2009թ. մայիսին նրա դեմ մահափորձ էր պատվիրել Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը: Նույն տեղեկությունների համաձայն` Գ. Խաչատրյանն իր վարչական լծակներով խոչընդոտում էր նրանց բիզնես գործունեությունը, և Ռ. Երիցյանը որոշել էր վրեժ լուծել, որն անհաջող արդյունք ունեցավ: Այդ դեպքից հետո իշխանությունները Ա. Երիցյանին ստիպեցին հրաժարական տալ, իսկ վերջինս կարողացավ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ որդուն փախցնի Հայաստանից: Եվ ահա, կարծիք կա, որ իր դեմ կատարված մահափորձից հետո Գ. Խաչատրյանը որոշել է նման մի համակարգ էլ ինքը ստեղծել, որ իրեն պաշտպանված զգա: Բացի այդ, նա այդ համակարգի միջոցով կարողանում է գաղտնալսել նաև գործարարների ու քաղաքական դաշտի այն խոսակցությունները, որոնց նկատմամբ ինքը պաշտոնական ու բիզնես հետաքրքրություններ ունի: Այդպիսով նա կարողանում է մրցակցությունից հանել իր հնարավոր մրցակիցներին:
Տեղեկություններ կան նաև, որ Գ. Խաչատրյանը նույն գաղտնալսումներն իրականացնում է նաև իրեն պատկանող «Յուքոմ» ընկերության միջոցով: Գաղտնիք չէ, որ պետական հիմնարկների մի մասը հիմա օգտագործում է «Յուքոմ»-ի ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը: Ի դեպ, ասում են, Գ. Ծառուկյանն իր հերթին բաժնեմաս ունի «ԱրմենՏել» ընկերությունում: «ԱրմենՏել»-ն ինչ-որ պահի ֆինանսական խնդիրներ է ունեցել, և Գ. Ծառուկյանը ներդրումներ կատարելու դիմաց բաժնեմաս է ձեռք բերել: Հիշեցնենք նաև, որ այդ ընկերությունում ղեկավար պաշտոն է զբաղեցնում նույն Գ. Խաչատրյանի եղբայրը: Այսպիսով, այս երկու պաշտոնյաները ոչ միայն կապի ոլորտի սեփականատեր են, այլև ստեղծել են տեղեկատվություն հավաքագրող սեփական համակարգեր, որոնք պետական համակարգից հզոր են:
Մամուլում տեղ գտած նույն հրապարակման մեջ նշված էր նաև, որ ԱԱԾ-ում հարուցված «գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի «պադվալում»): Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ և որևէ ձևով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեքն այժմ գտնվում են ԱԱԾ-ում: Բայց այնպես չէ, որ իշխանությունները մինչև հիմա տեղյակ չեն եղել, որ Գ. Ծառուկյանն ու Գ. Խաչատրյանը սեփական գաղտնալսող հզոր համակարգ ունեն և նոր են հայտնաբերել ու ձերբակալումներ արել: Որոշ տեղեկությունների համաձայն` հատուկ ծառայություններում այդ մասին ի սկզբանե տեղյակ են եղել, պարզապես թույլ են տվել դրանք գործեն՝ հարմար պահի այդ գործոնը նշված օլիգարխների դեմ օգտագործելու համար







































