Սիրիայի իշխանությունների դեմ պատրաստվող ռազմական օպերացիան չի ուժեղացնի ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում և սպառնում է վերածվել երկարատև հակամարտության: Նախագահը պետք է հետ վերցնի Սիրիային հարվածելու մասին բանաձևը, որը փոխանցվել է Կոնգրեսին: Այս մասին հայտարարել են ամերիկացի կոնգրեսականները՝ ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական:
«Մենք մշտապես անհանգստացած ենք մեր ազդեցության համար: Խնդիրն այն է, որ Tomahawk մի քանի հրթիռներով չենք վերականգնի մեր հանդեպ վստահությունը: Սա նախագահի փորձն է՝ դեմքը փրկել այն բանից հետո, երբ նա կարմիր գիծ սահմանեց»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական, ներքին անվտանգության հարցերով ներկայացուցիչների պալատի կոմիտեի ղեկավար Մայքլ Մաքքոլը NBC հեռուստաալիքի եթերով:
Մաքքոլը նշել է, որ Սիրիային հարվածելը կհանգեցնի երկարատև հակամարտության:
«Փոքր պատերազմներից են սկսվում մեծերը»,- ասել է նա:
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող հանրապետականներն ասում են, որ իրենց ընտրողները դեմ են Սիրիա ներխուժմանը:
Դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մաքգովերնի կարծիքով՝ Բարաք Օբաման պետք է կոնգրեսից հետ վերցնի իր բանաձևը, որով նա առաջարկում է արտոնել ուժի կիրառումն ընդդեմ Սիրիայի կառավարական զորքերի՝ հաղորդում է The Hill պարբերականը:
«Կարծում եմ, որ պատերազմն այժմ ամենավերջին բանն է, որ պետք է մարդկանց»,- հավելել է նա:












































