Հոլիվուդյան «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious, 2017) ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերն առաջին վարձութային հանգստյան օրերին, նախնական տվյալներով, կազմել են շուրջ 532,5 միլիոն դոլար, ինչը դարձել Է այս ցուցանիշի բացարձակ ռեկորդ: Ապրիլի 16-ին այս մասին հայտնել Է Universal Pictures ամերիկյան կինոընկերությունը, որը կինոնկարի իրավունքների սեփականատերն Է:
Այսպիսով, ռեժիսոր Ֆելիքս Գերի Գրեյի կինոժապավենը, որը ֆիլմերի հանրաճանաչ շարքի ութերորդ մասն Է, գերազանցել Է նախորդ ռեկորդը, որը սահմանել Էր «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»(Star Wars: The Force Awakens, 2015) կինոնկարը: Վերջինս վարձույթի առաջին օրերին աշխարհում վաստակել Էր 529 միլիոն դոլար:
«Ֆորսաժ 8»-ը վարձույթի առաջին հանգստյան օրերին նաև դրամարկղային մուտքերի վարկանիշի առաջին հորիզոնականն Է զբաղեցրել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Այդ ցուցանիշը կազմել Է 432.3 միլիոն դոլար, որն զգալիորեն գերազանցում Է այն գումարը, որը հավաքել Էր նախորդ առաջատարը՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը»(Jurassic World, 2015) ֆիլմը (316 միլիոն դոլար):
«Ֆորսաժ 8»-ը՝ գլխավոր դերերում դերասաններ Վին Դիզելի և Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ, ամերիկյան կինովարձույթ Է դուրս եկել ապրիլի 14-ին: Կինոժապավենի բյուջեն կազմել Է 250 միլիոն դոլար: Շարքի առաջին յոթ ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցել են 4 մլրդ դոլարը:











































