Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր օրակարգում այս պահին նման հարց չկա: Եթե լիներ, ես կասեի, որ քննարկում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ ապագա համագործակցության հարցը»,- ասաց Շարմազանովը:
«Հաշվի առնելով, որ այդ քննարկումները դեռեւս չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որպեսզի մենք քննարկենք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը: Իսկ ապագա վարչապետի մասին խոսք չկա, մեր վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ այս պահին ՀՀԿ-ն քննարկումներ է իրականացնում բացառապես ՀՅԴ-ի հետ` ապագա կառավարության ձևավորման հարցով:








































