Վրացական Թելավի քաղաքի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել օրերս տեղադրված Ստալինի արձանը: Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը:
Հուշարձանը հարկավոր է հանել հինգ օրվա ընթացքում: Աշխատակազմում բացատրել են, որ դա պետք է անեն «Ստալին» կազմակերպության ակտիվիստները, ովքեր հուշարձանը տեղադրել են առանց քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու: Կազմակերպության տեղական բաժանմունքի ներկայացուցիչ Շոթա Լազարիաշվիլին արդեն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում կատարել քաղաքապետարանի կարգադրությունները: Նա հայտարարել է նաև հուշարձանի օգտին ստորագրահավաք անցկացնելու մասին:
Թելավիում հուշարձանի բացման արարողությունը կայացել է սեպտեմբերի մեկին: Այն տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի կողքին: Նույն գիշերն անհայտ անձինք հուշարձանը նարնջագույն ներկով են ներկել: Դրանից բացի, հուշարձանի կողքին հայտնվել են վրացերեն «Մարդասպան», «Կորչի ստալինիզմը» գրություններ և հայհոյանքներ: Այդ ակցիայի պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել:
BBC-ի փոխանցմամբ՝ քաղաքի իշխանությունները չեն շտապել մաքրել նարնջագույն ներկը՝ հայտարարելով, որ հուշարձանը անօրինականորեն է տեղադրվել:
Նախկինում Թելավիում տեղադրված եղել է Ստալինի արձանը, որը, սակայն, Խորհրդային Միության անկումից հետո ապամոնտաժվել է: «Ստալին»կազմակերպության ջանքերով հավաքված գումարներով արձանը վերանորոգվել և կրկին տեղադրվել է:







































