ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին տվել է հնարավորություն՝ պահպանելու դեմքը և կառուցողական ներդրում անելու Սիրիայի հակամարտության կարգավորման գործում՝ Իդլիբ նահանգում կատարված քիմիական հարձակումից հետո։
Հեյլիի կարծիքով՝ ռուսական իշխանությունների արձագանքը քիմիական հարձակման մասին տեղեկությանը վկայում է այն մասին, որ Մոսկվան նախապես իմացել է ամենի մասին։
«Նրանք չեն ցնցվել, չեն զարմացել և սկսել են շատ արագ պաշտպանվել, իսկ այնուհետև հայտնվել են ապացույցներ, և մենք տեսել ենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,-ասել է Հեյլին։
Բացի այդ, նա կարծիք է արտահայտել, որ Ռուսաստանը լրջորեն նյարդայնացել է տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո։
«Ես կարծում եմ, որ նրանք իրենց պահում են այնպես, ասես Ասադի գործողությունները և նրան պաշտպանելու նրանց փորձերը թուլացրել են նրանց (դիրքերը)։ Նրանք գիտակցում են, որ միջազգային հանրությունը չի հավատացել դրան»,-նշել է մշտական ներկայացուցիչը։
Հեյլիի խոսքով՝ Մոսկվան «փորձում է պահպանել դեմքը», և ԱՄՆ-ը նրան տալիս է նման հնարավորություն։











































