«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքը: Նա որոշել է այս անգամ կնունքի քավոր դարձնել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին: Հիշեցնենք, սակայն, որ Ս. Ալեքսանյանի քավորը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբը), որին պատգամավորն անընդհատ «քավոր Հակոբ» էր ասում:
Դժվար է ասել, թե ինչու է Ս. Ալեքսանյանը փոխում իր ընտանիքի քավորին: Հավանաբար պատճառն այն է, որ Հ. Հակոբյանը այժմ մերժված է իշխանությունների կողմից, քանի որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո միացավ ընդդիմությանն ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Նույն տրամաբանությամբ պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ Ս. Կարապետյանը մտերիմ է թե գործող, թե նախկին իշխանությունների հետ, և հայաստանյան պայմանների համար ամենակարևորը՝ նա նույնպես խոշոր գործարար է և շատ հարուստ:
Կարելի է համոզված ասել, որ Ս. Ալեքսանյանի երեխաների կնունքին ներկա կլինի իշխանական ու Հանրապետական կուսակցության վերնախավը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ուրեմն հազիվ թե նրանք, հատկապես՝ Ս. Սարգսյանը, ներկա լինեն մի միջոցառման, որտեղ գլխավոր դերակատարը պետք է լինի Հ. Հակոբյանը, որը ժամանակին համալրում էր նրանց շարքերը: Իսկ, ինչպես հայտնի է, մեր երկրում քավորը նման միջոցառումների գլխավոր դերակատարն է:
Հավելենք նաև, որ ՀՀ քաղաքականության մեջ սա քավոր փոխելու միակ դեպքը չէ: Մի քանի տարի առաջ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում իրենց խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին ստիպեցին հրաժարվել Վիկտոր Դալլաքյանի որդու քավորությունից՝ ԱԺ նիստի ժամանակ նրա ունեցած ելույթի պատճառով:
Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին նա Ալեքսանդր Շիրվանզադեի «Բարեգործություն և առևտուր» հոդվածից այսպիսի մեջբերում արեց. «Բարեգործությունը մի գործունություն է, որը բխում է մարդկային սրտի բնական և անկեղծ զգացմունքից, այն է՝ օգնել անօգնականին… Բարեգործությունն այն է, երբ մարդ կարոտյալին օգնում է՝ դրդված լինելով սրտի խորքից բխող անկեղծ, անշահ և ինքնուրույն զգացմունքից։ Բուն բարեգործը հաճախ ոչ թե դատելով, այլ զգալով, կարեկցելով է անում բարեգործությունը։ Եթե ձեռքը գրպանը տանելիս բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող իր տվածով փառք և բարեգործի անուն վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին նա օգնում է, պիտի խոնարհվի իր առջև, այդ ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է և ընկնում վաճառականի աստիճանը, քանի որ նա կամենում է իր տվածի փոխարենը ստանալ… Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտներն են լիզում իրենց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վ. Դալլաքյանի այս ելույթը միանգամից վերագրեց իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին ու համապատասխան հակահարված տվեց: Դրանից հետո ԲՀԿ-ն Վ. Բոստանջյանին ստիպեց հրաժարվել Վ. Դալլաքյանի որդու քավորությունից:









































