Երեկ ավարտվեց Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը: Արդեն հստակ է, որ ավագանու ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Խորհրդարանական և արտախորհրդարանական մնացած ուժերը հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Քաղաքագետների ու քաղտեխնոլոգների կանխատեսմամբ՝ այս ընտրություններին էլ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ձայների առյուծի բաժինը բաժին կհասնի ՀՀԿ-ին, իսկ «Ելք»-ը կստանա այնքան ձայն, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել էր Երևան քաղաքը ընդգրկող թվով չորս ընտրատարածքներում:
Նշենք, որ ըստ ԿԸՀ կայքում տեղադրված ամփոփ տվյալների՝ «Ելք» դաշինքը թիվ 1 ընտրատարածքում ստացել է 16034 ձայն կամ ձայների 13.31 տոկոսը, թիվ 2 ընտրատարածքում՝ 19515 ձայն կամ 15.49 տոկոսը, թիվ 3 ընտրատարածքում՝ 16880 ձայն կամ 12.95 և թիվ 4 ընտրատարածքում ստացել է 17036 ձայն կամ ձայների 14.78 տոկոսը: Այսինքն՝ եթե հանրագումարի ենք բերում «Ելքի» ստացած ձայները Երևանում, ստացվում է, որ դաշինքը ապրիլի 2-ին Երևանում ստացել է 69 հազար 465 ձայն կամ 56.53 տոկոս ձայն:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ այս նույն պատկերը կպահպանվի նաև մայիսի 14-ին, շատ քիչ տատանումներով: «Կարծում եմ՝ տարբերությունը շատ չի լինի: Թվերի փաստերի վրա հիմնվելով՝ տարբերությունը չնչին կլինի: Մեկ ամսում չի կարող էական տարբերություն լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Մեր դիտարկմանը, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կկողմնորոշվի Երևանի բնակչության այն մասը, որը խորհրդարանական ընտրություններին ձայն է տվել այն ուժերին, որոնք չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, Քոչարյանը նկատեց, որ պատկերն այստեղ մի քիչ կփոխվի: «Օրինակ՝ ԲՀԿ-ն չի մասնակցում ավագանու ընտրություններին, բայց ԲՀԿ-ի ընտրողը բնավ ընդդիմադիր ընտրող չի, և պարզ է, որ այդ ձայները գնալու են ՀՀԿ-ին: «Հայկական վերածննդի», ՀՅԴ-ի ձայները ևս կգնան ՀՀԿ-ին, իսկ, ասենք, ՕՐՕ-ի և մյուսների ձայները կգնան «Ելք»-ին: Բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը հիմնված չէ որևէ վերլուծության վրա»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:
Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ապրիլի 2-ին Երևանում ստացել էր 7836 ձայն, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը՝ 12 հազար 660 ձայն, իսկ ՕՐՕ դաշինքը՝ 10 հազար 229 ձայն:
Որոշ գնահատականներով, սակայն, անգամ եթե ընդդիմությունը միավորի ջանքերը և հնարավորությունները, հաղթանակ ապահովել հնարավոր չէ: Վերջին հաշվով՝ ՀՀԿ-ն ցույց կտա աննախադեպ մասնակցություն ընտրություններին և կբաշխի տոկոսները սեփական հայեցողությամբ՝ ավագանու կազմ թողնելով միայն «Ելք» դաշինքի անդամներին:
Կարեն Քոչարյանի խոսքով՝ Ազգային ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի արտառոց միջադեպ, իրադարձություն մեծ հաշվով ազդեցություն չի ունենում ընտրությունների արդյունքների վրա, դրա համար մինչև մայիսի 14-ը ոչ մի էական կամ արտառոց բան չի կարող լինել, որը կփոխի ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ձայների դասավորությունը:
Օրինակ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ջրառատ համայնքում տեղի ունեցածից հետո շատ էր քննարկվում, որ կտրուկ կավելանա ՕՐՕ-ի համակիրների թիվը, սակայն իրականությունը բոլորովին այլ բան ցույց տվեց՝ այդ դաշինքը չհաղթահարեց անգամ անցողիկ շեմը:
Նշենք, որ Երևան քաղաքն ունի 841 հազար 973 ընտրող:










































