Հնդկաստանի պահուստային բանկը, որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթ, երկրի հարավի տաճարներից պահանջել է տեղեկություն տրամադրել իրենց տրամադրության տակ առկա ոսկու պաշարների մասին: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Ավելի վաղ վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել էր, որ թանկարժեք մետաղի ու նավթի ներկրման զգալի ծավալները բացասաբար են ազդում հանրապետության առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի վրա: Նրա խոսքով՝ կառավարությունը դիտարկում է գնման ծավալները նվազեցնելու հնարավորությունը, այդ թվում՝ տաճարներից ոսկու գնման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հնդկաստանի հարավում հինդուսական տաճարները ոսկու վիթխարի պաշարներ ունեն: Դրանք այնտեղ պահվում են հնագույն ժամանակներից: Այդ տարածաշրջանը չի ենթարկվել մուսուլման զավթիչների ներխուժմանը, բացի այդ՝ պաշարներն աճում են շռայլ նվիրատվությունների շնորհիվ: