Ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին և քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը ու այլ ակտուալ խնդիրներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Նեսիրկիին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկխոսության ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և դրանց նկատմամբ միջազգային հանրության արձագանքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Անկարայի ջանքերը՝ ուղղված Կիպրոսում իրավիճակի կարգավորմանը:
Քննարկելով սիրիական հարցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Պան Գի Մունը քննարկել է հումանիտար օգնության թեման Սիրիայում աճող ճգնաժամի ֆոնին և տեղեկացրել նաև քիմիական հարձակման հետաքննության ընթացքի մասին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, արտգործնախարար Լորան Ֆաբիուսի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպման շրջանակներում Պան Գի Մունը քննարկել է միջազգային համաժողովի նախապատրաստման ընթացքը:











































