ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ կազմակերպությանը պետք է հատկացնել հավելյալ 4.4 միլիարդ դոլար՝ հումանիտար կարիքների համար, այդ թվում նաև՝ Սիրիայում ճգնաժամի պատճառով: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Մենք ձևավորել ենք բյուջետային նոր բանաձև՝ հումանիտար իրավիճակի և փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով, խնդրում ենք հատկացնել շուրջ 4.4 միլիարդ դոլար»,- ասել է Պան Գի Մունը՝ դիմելով G20-ի առաջնորդներին:
Նա նաև կոչ է արել շուտափույթ միջազգային համաժողով գումարել Սիրիայի հարցով: Նրա խոսքերով՝ Սիրիայում քաղաքական լուծման կարող է հանգեցնել միայն Ժնևի կոմյունիկեի իրագործումը:
«Դա պետք է համապատասխանի սիրիացի ժողովրդի ձգտումներին՝ դեպի նոր ժողովրդավարական Սիրիա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ԱԽ մշտական հնգյակի հարգելի առաջնորդները և ԱԽ ոչ մշտական որոշ անդամներ, որոնք ներկա են այստեղ, կհետևեն իրենց պարտականություններին՝ հօգուտ Սիրիայի ժողովրդի»,- ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՄԱԿ ԱԽ-ին կծանոթացնի Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի հետաքննությանը, երբ իրեն տեղեկացնեն այդ մասին:
«Բոլոր գործողությունները պետք է ձեռնարկվեն ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում»,- հավելել է նա:











































