«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը:
– Լևոն, այսօր ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ այս պահին ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան. այդ անձինք են՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մինասյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
– Ենթադրում եմ, որ պարոն Մարտիրոսյանը և իր ներկայացրած քաղաքական ուժը անվստահություն ունեն ընտրական գործընթացի հանդեպ, ու իրենց հայտարարությունները պայմանավորված են այդ հիմքով: Կարելի կլիներ պարոն Մարտիրոսյանի ասածների հետ համաձայնել կամ վիճարկել դրանք, եթե նա հանդես գար որպես փորձագետ: Բայց այս պահին նա հանդես է գալիս որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ: Ու որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ պիտի պատասխանի մի քանի հարցի՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրությունների հանդեպ իրենց անվստահությունը, որո՞նք են փաստարկները: Երբ այս հարցերին պատասխան տրվի, պարզ կլինի, որ թե՛ ՕՐՕ-ն, թե՛ մյուս քաղաքական ուժերը մասնակցում էին մի գործընթացի, որի ընդհանուր բնութագրիչները հայտնի էին վաղուց: Եթե այդքանով հանդերձ՝ քաղաքական ուժը որոշում է մասնակցել, ուրեմն առնվազն պիտի զբաղեցնի երկրորդ տեղը, որպեսզի լեգիտիմ առիթ ունենա քննադատելու ընտրական գործընթացը ու այդ հիմքով վիճարկի դրանք: Բայց մենք տեսնում ենք, որ ՕՐՕ-ն ոչ միայն երկրորդ տեղում չէ, այլև չի անցել խորհրդարան: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած ուժը չի պատրաստվում ընտրության արդյունքները վիճարկել: Կարծում եմ՝ ՕՐՕ դաշինքում կան փորձառու գործիչներ, այդ թվում՝ Արմեն Մարտիրոսյանը, որոնք շատ լավ գիտեն, թե որոնք են Հայաստանում ընտրական գործընթացներում հաջողելու գործիքները:
– Նա նաև նշել է, որ «Ծառուկյան» դաշինքն է ընդդիմություն համարում: Արդյոք «Ծառուկյան» դաշինքը երբևէ կարո՞ղ է ընդդիմություն համարվել:
– «Ծառուկյան» դաշինքը բավական բազմաշերտ կառույց է: Ընդ որում՝ այդպես եղել է նաև ԲՀԿ-ի դեպքում, որի հիման վրա էլ մեծամասամբ ձևավորվում է «Ծառուկյան» դաշինքը: «Ծառուկյան» դաշինքը վերնախավային ընդդիմություն է: Այնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր տիրապետում են ռեսուրսների, բայց ադմինիստրատիվ լծակներ չունեն, նրանք, ովքեր եղել են իշխանություն, բայց հիմա այլևս իշխանություն չեն: Վերցնենք, օրինակ, Հովիկ Աբրահամյանին: Նա զգաց, որ ՀՀԿ-ում իր երբեմնի դոմինանտությունը կորցնում է: Ու թեպետ ուղիղ չհայտարարեց Ծառուկյանին աջակցելու մասին, բայց որդու մասնակցությամբ դարձավ այդ դաշինքի առանցքային դերակատարներից մեկը: Մենք տեսանք, թե ինչքան ձայներ հավաքեց Արգամ Աբրահամյանը: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը շարունակում է պահպանել իր ազդեցությունը նաև հիմա, երբ ադմինիստրատիվ լծակներ չունի: Սա ընդամենը մի օրինակ է, նման օրինակները «Ծառուկյան» դաշինքում շատ են: Մարդկանց մեծ մասը, կորցնելով իշխանությունը կամ երբեք չունենալով իշխանություն, ուղղակի փորձում է պաշտպանել իր ռեսուրսները, և նախկինում ԲՀԿ-ն, հիմա էլ ԾԴ-ն քաղաքական հարթակ են դրա համար: Ի տարբերություն ԲՀԿ-ի, որը պիտի ապագայում քաղաքական հենարան ծառայեր Ռոբերտ Քոչարյանի համար, «Ծառուկյան» դաշինքի ստեղծման նպատակներն այլ են: Ու չնայած նրան, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու համար կանաչ լույս ստացավ այնտեղից, որտեղից կարմիր լույս էր ստացել, նրա ու նրա թիմակիցների ամբիցիաները ոչ ոք չի չեղարկել: Ուղղակի այս իրավիճակում իշխանությանը ձեռնտու էր այդ դաշինքի առաջխաղացումը: Այն, ըստ էության, խժռեց հայաստանյան լյումպեն էլեկտորատի այն հատվածին, որը ՀՀԿ ազդեցությունից դուրս էր: Ժամանակավոր լցվեց քաղաքական վակուումը, որին կարող էին հավակնել որոշակի ուժեր: Բայց կրկնում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը բազմաշերտ կառույց է, այստեղ բազմաթիվ շահեր են ներկայացված, մարդիկ, ովքեր բավական ծանրակշիռ ռեսուրսների են տիրապետում: Պոպուլյար իմաստով, այնպես, ինչպես մենք ենք սովոր պատկերացնել ընդդիմությունը, նրանք ընդդիմություն չեն: Դասական քաղաքագիտական բնութագրումներով, բնականաբար, եթե իշխանություն չեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց, ըստ էության, նրանք ներկայացնում են հայաստանյան քաղաքական վերնախավի երկրորդ լիգան:
– Ըստ Ձեզ՝ հետընտրական զարգացումներն այլևս անցյալո՞ւմ են։
– Ավանդաբար ԱԺ ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ Հայաստանում չեն լինում, հիմնական կողմերն էլ այս կամ այն շեշտադրմամբ ընդունում են արդյունքները, իշխանությունն էլ սովորաբար պառլամենտական ընտրություններում ավելի հեշտ է հաղթում: Տարբերությունն այն է, որ նախագահական ընտրություններ էլ չեն լինելու, իսկ հայաստանյան հասարակության տոտալիտար անցյալի, թույլ, գաղափարական ու քաղաքական բազմազանությունից զերծ կուսակցական համակարգի, սոցիալական շերտավորման բացակայության պատճառով ընտրությունը, փոփոխությունը մոտիվացվում է ոչ թե կուսակցությունների, այլ անհատների առկայության դեպքում: Պառլամենտական ընտրություններին հաջորդած հանդարտ հետընտրական շրջանների համեմատ նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործողությունները ամբողջովին բացատրում են, թե ինչու Հայաստանում փոխվեց կառավարման համակարգը: Այն, որ կուսակցականությունը չի կայացել, ու փաստացի նոր համակարգը հասարակության քաղաքական ընկալումների հետ կապ չունի, ապացուցում է ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ուժի անվանումը, առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած ուժերի 80 տոկոսով մի մարդու շուրջ կառուցված քարոզչությունը, ինչը նախագահական ընտրություններին ավելի բնորոշ գործելաոճ էր: Իսկ եթե ավելի կոնկրետ. հետընտրական զարգացումների մասին խոսում էր ՕՐՕ-ն: Բայց դաշինքի ստացած տոկոսները բավարար չեն հետընտրական զարգացումների գնալու համար: Կրկնվեմ՝ հետընտրական զարգացումների առաջամարտիկը կարող է լինել երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը: Միգուցե ՕՐՕ-ում կար ինչ-որ հույս կամ հաշվարկ, որ հնարավոր կլինի Ծառուկյանին ուղղորդել հրապարակ, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Այնպես որ, հետընտրական զարգացումներ չենք ունենա: Բայց դա չի բացառում ֆորս-մաժորների հավանականությունը: Չմոռանանք, որ այժմ մենք ունենք 4 արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ, ու դժվար է ասել, թե ինչպես կշարունակեն նրանք դրսևորել իրենց քաղաքական նկրտումները: Մանավանդ, եթե սրան գումարենք հանրային ապատիան ու սաբոտաժի հնարավորության սպասող ներքին ու արտաքին արկածախնդիրների առկայությունը:












































