«Միլան»-ի կիսապաշտպան Կական վերհիշել է «Ռեալ»-ում անցկացրած ժամանակաշրջանը:
«Մադրիդում ես հիանալի փորձառություն ստացա: Պրոֆեսիոնալ տեսանկյունից ամեն ինչ այնքան էլ հարթ չէր, բայց այդպիսի պահերը մեզ շատ բան են սովորեցնում: «Ռեալ»-ը մեծագույն ակումբ է, ու ես ուրախ եմ, որ դարձա նրա պատմության մի մասը:
Բայց ես այնտեղ այլևս հաճույք չէի ստանում ֆուտբոլից: Կարծում եմ` «Միլան»-ում դա ինձ մոտ կստացվի: «Ռեալ»-ը բավականին առանձնահատուկ խաղաոճ ուներ, ու այնտեղ ինձ համար ավելի ու ավելի քիչ տեղ էր գտնվում: Այդ իսկ պատճառով ես պայմանավորվեցի Անչելոտիի հետ, որ կհեռանամ թիմից:
Մոուրինյոն մեղավոր չէր, որ ես խաղադաշտ դուրս չէի գալիս: Այն ընթացքում, երբ նա գլխավորում էր թիմը, ես փորձում էի վաստակել նրա վստահությունը, բայց նա ֆուտբոլի իր պատկերացումներն ուներ: Բայց ես ազնվորեն էի մարզվում: Նրան պետք չէ մեղադրել: Որպես մարզիչ նա ինձ շատ բան է տվել»,- ասել է Կական:







































