Ռուսաստանի իմիջն աշխարհում հիմնականում բացասական է՝ նման կարծիքի են Pew Research հեղինակավոր կենտրոնի սոցիոլոգները, ովքեր Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի նախաշեմին 38 երկրների բնակիչներից կարծիք են հարցրել Ռուսաստանի մասին:
Ամենից վատ Ռուսաստանին վերաբերվում են Իսրայելում (77%), Հորդանանում (70%) և Թուրքիայում (66%): Ֆրանսիան, Ճապոնիան և Եգիպտոսը գրանցել են բացասական արձագանքների 64-ական տոկոս: Ամերիկացիների 43 տոկոսը նույնպես բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին: Դրական վերաբերմունք է հայտնել միայն 37 տոկոսը: Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունք են հայտնել Գերմանիայում հարցվածների 60 տոկոսը, Իտալիայում՝ 56 տոկոսը, Լեհաստանում՝ 54 տոկոսը: Չինաստանում գրանցվել է 49 տոկոս դրական, 39 տոկոս բացասական արձագանք: ԱՊՀ երկրները հարցմանը չեն մասնակցել:
Ռուսաստանի վերաբերյալ լավ կարծիք է պահպանվում Հունաստանում (63%) և Հարավային Կորեայում (53%):
ՌԴ Պետդումայում Kommersant-ին նման արդյունքը բացատրել են արժեքների և արտաքին քաղաքականության հանդեպ մոտեցումների տարբերությամբ, իսկ ԱՊՀ հարցերով դաշնային գործակալությունում («Ռոսսոտրուդնիչեստվո»)՝ կանխակալ վերաբերմունքով և բացատրական աշխատանքի պակասով:
Հարցմանը մասնակցել է մոտ 38 հազար մարդ: Հարցվածների 39 տոկոսը Ռուսաստանին վերաբերվում է բացասաբար, 36 տոկոսը՝ դրական:
Դատելով հարցման արդյունքներից՝ Ռուսաստանի իմիջն աշխարհում վերջին տարիներին ընկել է: Փորձագետները նշում են, որ 18-39 տարեկաններն ընդհանուր առմամբ ավելի լավ են վերաբերվում Ռուսաստանին, քան ավելի տարեցները:
Միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հարցման արդյունքներն անվանել է «ցավալի»: Նա մատնացույց է արել արժեքների տարբերությունը՝ նշելով, որ վերջին շրջանում, օրինակ, ՌԴ-ին քննադատում են սեռական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի համար, շատերը դժգոհ են Սիրիայի հանդեպ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումից:








































