Մեքսիկայի Սյուդադ-Հուարես քաղաքում ավտոբուսի վարորդները հրաժարվել են աշխատանքի դուրս գալ այն պատճառով, որ իրենց գործընկերներից երկուսը հրազենից սպանվել են՝ ենթադրաբար կնոջ կողմից վրեժի պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այն երթուղում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աշխատանքի է դուրս եկել վարորդների ուղիղ կեսը՝ 20 մարդուց 10-ը: Բացի այդ, կրճատվել է նաև ուղևորների թիվը:
Ոստիկաններն ավտոբուսով են երթևեկում և հետաքննություն կատարում ՝այլ սպանությունները կանխելու համար: Իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննել են մոտ 20 վկաների և կազմել կասկածյալի ֆոտոռոբոտը: Նա կա՛մ կեղծամ է կրում, կա՛մ մազերը՝ վառ գույնով ներկում:
Օգոստոսի 31-ին՝ շաբաթ օրը, մեքսիկական թերթերի խմբագրություններն էլեկտրոնային նամակներ են ստացել մի կնոջից, ով ներկայացել է որպես «Դիանա՝ ավտոբուսի վարորդների որսորդ»: Հեղինակն իրեն անվանել է «վրեժի միջոց»՝ Սյուդադ-Հուարեսում ավտոբուսի վարորդների կողմից բռնաբարված կանանց համար: «Ես և այլ կանայք լուռ տառապել ենք, բայց մենք չենք կարող այլևս լռել: Մենք սեռական բռնության զոհ ենք դարձել վարորդների կողմից»,- գրված է եղել նամակում:
Ավտոբուսի 2 վարորդների սպանությունները տեղի են ունեցել օգոստոսի 28-ին և 29-ին: Ականատեսների խոսքերով՝ հանցագործը 2 անգամ էլ կանգառից ավտոբուս է նստել, մոտեցել վարորդին, հանել ատրճանակը և կրակել գլխին:









































