«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրված Արա Զոհրաբյանը:
– Պարոն Զոհրաբյան, քարոզարշավի մեկնարկից արդեն տասն օր է անցել, ինչպե՞ս եք գնահատում դրա ընթացքը:
– Ընդհանուր առմամբ` դրական եմ գնահատում քարոզարշավը։ Մենք օրեր առաջ մեր ընտրական թիմով հանդիպում ունեցանք փաստաբանների հետ, կրկին ծրագրավորում ենք այցելություն մարզեր, ինչպես նաև հանդիպումներ Երևանի փաստաբանների հետ: Մյուս թեկնածուների կողմից հնչող քննադատություններին նորմալ եմ վերաբերվում: Իհարկե, որոշակի անձնավորման միտում կա, սակայն «մրցակցային ընտրություններ» ասելով՝ պետք է երևի թե ընկալել նաև դա, որովհետև, ի վերջո, պետք է, որ մրցակիցը հնարավորություն ունենա նաև քննադատել մյուս թեկնածուներին, որ ընտրողի մոտ տպավորություն թողնի:
– Հանդիպումների արդյունքում ի՞նչ նոր խնդիրներ բացահայտվեցին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
– Նախընտրական ծրագիրը, որը կազմվել և ներկայացվել է իմ կողմից, խնդիրների և միջոցառումների տեսակետից ունի մի քանի տարվա պատմություն, ինքս էլ որոշակի խնդիրներ եմ մուտքագրել: Փաստաբանների հետ զրույցում մի խնդիր էլ արձանագրվեց, որն, իրոք, լուրջ խնդիր է` կապված անդամավճարների չափի հետ: Կարծում եմ՝ այն մարզերում ինչ-որ առումով պետք է տարբերակվի Երևանից: Բոլորս էլ լավ գիտենք, որ Երևանը տնտեսական զարգացման տեսակետից ավելի կենտրոնացված է, հնարավորությունների առումով էլ ամեն ինչ կա, իսկ մարզային փաստաբաններից ևս պահանջել ամսական հինգ հազար դրամ, արդարացի չէ: Նրանց ծանրաբեռնվածությունը, Երևանի փաստաբանների համեմատ, շատ չէ, այս տեսակետից երևի թե կարիք կա վերանայելու անդամավճարների սահմանման մոտեցումը:
– Կարծիք կա, որ Փաստաբանների պալատի գործող նախագահի կողմից առաջադրվելը որոշակի առավելություն է տալիս: Ըստ Ձեզ` ստեղծվա՞ծ են արդյոք հավասար մրցակցային պայմաններ:
– Նախ՝ ասեմ, որ որոշակի հայտարարություններ միգուցե հասարակության համար, իրոք, տարընկալում առաջացնեին: Լսել եմ նաև հայտարարություն՝ իբր ստորագրություններ են հավաքվում հանրային պաշտպանի գրասենյակից: Պետք է հիշել մի բան. մեր լսարանը փաստաբաններ են՝ մարդիկ, ովքեր ունեն իրավագիտակցության որոշակի մակարդակ։ Այս տեսակետից ուզում եմ հասկանալ դրա իրավական հետևանքները, ընտրությունը մեզ մոտ գաղտնի է, փաստաբանը քվեախցում ինքնուրույն` գաղտնի քվեարկում է։ Նրանից ստորագրություն վերցնելն ի՞նչ նպատակի կարող է ծառայել, դա միայն նրա վարկաբեկման փորձ կարող է լինել, ես այդպես եմ ընկալում: Մենք փաստաբան ենք, մեզանից չի կարելի ստորագրություն վերցնել: Ինչևէ, ես ուշադիր հետևում եմ մրցակիցներիս ելույթներին, ամեն ինչ հաշվի եմ առնում և նորմալ վերաբերվում:
– Ծանո՞թ եք մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին, որքանո՞վ են դրանք մրցունակ:
– Կոնկրետ որպես ծրագիր, այսպես ասած՝ բուկլետներ ներկայացվում են Տիգրան Աթանեսյանի կողմից, խնդիրներ հնչեցրել է Կրոմվել Գրիգորյանը, երկու թեկնածուների կողմից ներկայացվել են տեսակետներ, մոտեցումներ: Ասեմ, որ նրանց ներկայացրած խնդիրների մեծ մասն իմ կողմից տեսանելի են, այսինքն՝ ես տեսնում եմ նրանց բարձրաձայնած խնդիրները, դրանք ներառված են իմ ծրագրի մեջ: Խնդիրը հորինովի չի լինում, այն կա՛մ լինում է, կա՛մ՝ ոչ, մենք, խնդիր ասելով՝ նկատի ունենք արդեն գոյություն ունեցող ինչ-որ բացասական երևույթ, որը հնարավոր չի եղել շտկել:
– Ընտրվելու դեպքում պատրա՞ստ եք համագործակցել մրցակիցների հետ, անգամ` Ձեզ քննադատողների:
– Ընդհանրապես, եթե որևէ գործողության հակազդեցություն չի լինում, այն ինքնին դառնում է միակողմանի, և կարող է, իրոք, արդյունք չունենալ, թեև հաճելի չէ, երբ մրցակիցը սև PR տեխնոլոգիա է կիրառում, սակայն այն ինձ վրա նստվածք չի թողնում: Պատրաստ եմ նրանց հետ աշխատելու, համագործակցելու` անկախ ամեն ինչից, իսկ չընտրվելու դեպքում էլ դարձյալ լինելու եմ ակտիվ, շարունակելու եմ իմ գործունեությունը:
– Թեկնածուներից փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ հիմնական մրցակցությունը ձեր երկուսի միջև է: Կա՞ իսկապես մրցակցության նեղ շրջանակ:
– Մյուս երեք մրցակիցներին, իհարկե, լուրջ եմ վերաբերվում: Իմ անձնական կարծիքով` Կրոմվել Գրիգորյանն ավելի շատ ձայներ հավաքելու հնարավորություն ունի, քան Տիգրան Աթանեսյանը, քանի որ ավելի երկար տարիների վաստակ ու փորձ ունի: Դա իմ անձնական կարծիքն է, սակայն արդյունքը կորոշվի ընտրությամբ:
– Փաստաբանների մի շրջանակ Ձեզ վստահում ու համակրում է, Դուք ունեք Փաստաբանների պալատի նախագահի աջակցությունը, գուցե հաղթանակի վստահությո՞ւն կա արդեն:
– Չմոռանանք, որ գաղտնի ընտրության մասին է խոսքը, ես հակված եմ երբեք չթերագնահատելու իմ մրցակիցներին, մինչև վերջին վայրկյանն էլ այդպես եմ վերաբերվելու: Ավելի լավ է մրցակցին գերագնահատել, քան հակառակը: Դա նաև ներքին ազդակ կհանդիսանա, որ ինքդ քեզ վրա աշխատես, երբեք չթուլանաս: Ես մինչև վերջին վայրկյանը որևէ թեկնածուի չեմ թերագնահատելու: Պալատի նախագահն ինձ առաջադրել է որպես փաստաբանի, իսկ թե ինչու է առաջադրել, այդ հարցը պետք է ուղղել իրեն: Պետք է ասեմ մի բան՝ ես վստահ եմ իմ ծրագրի վրա, վստահ եմ, որ այն կարող եմ իրագործել։ Միայն դրանում եմ վստահ:
– Բոլոր թեկնածուների կողմից բարձրաձայնվում է որակյալ փաստաբանների պակասի մասին, այդ խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:
– Նախ ասեմ՝ իմ ծրագրում կան համապատասխան միջոցառումներ` ուղղված նաև մեր բոլորիս մասնագիտական որակի բարձրացմանը։ Օրենքով մեզ վրա նաև պարտավորություն է դրված՝ կատարելագործել մեր գիտելիքները: Կան մի շարք ծրագրեր, միջոցառումներով կփորձենք հասնել դրան, կաշխատենք վերապատրաստման ծրագրերն ըստ փաստաբանների պահանջարկի ձևավորել, որ նրանք մասնակցեն վերապատրաստման այն ծրագրին, ինչն իրենց պետք է, մասնագիտանան հենց այդ ուղղույթյամբ: Կարծում եմ` այս ընտրություններին թեկնածուներով այնպես պիտի մասնակցենք, որ արդյունքում մեր փաստաբանական համայնքի հեղինակությունը մեկ քայլ առաջ գնա, ոչ թե՝ հետ:
– Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն այս անգամ հանրային բնույթ ստացավ, դա կօգնի՞ ընտրությունների ընթացքին, թե՞ կարող է և վնասել:
– Իհարկե, հանրային ընկալումն էլ է անհրաժեշտ: Փաստաբանների պալատը հանրային կազմակերպություն է, կարծում եմ՝ սա միայն նպաստելու է ընդհանրապես պալատի նկատմամբ հասարակության վերաբերմունքի ձևավորմանը:
– Պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրա՞ստ եք զոհաբերել Ձեր մասնագիտական աշխատանքը:
– Այո, բնականաբար, ես այլևս չեմ զբաղվելու իմ գործով, ընդ որում` իմ սիրած գործով, բայց կարծում եմ` որպեսզի զուտ պրակտիկ առումով նաև պատկերացնեմ դաշտը, կպահեմ մի քանի գործ, նաև այսպես ասած՝ «ճիշտ մարզավիճակում մնալու», իրականությունից չկտրվելու համար, որպեսզի հասկանամ՝ ինչպես է գործընթացը գնում, փաստաբանն իրեն ինչպես է զգում։ Բայց, իհարկե, այդ զոհողությունը քո գործողությունների մասն է:












































