«Մեծ ութնյակի» երկրներն այսօր հաստատել են արաբական երկրներին 20 միլիարդ դոլար հատկացնելու որոշումը: Դովիլում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ այդ գումարը կհատկացվի այն երկրներին, որտեղ այս տարի հեղափոխություններ և ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում Reuters գործակալությունը:
«Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները պատմական են և կարող են հանգեցնել այնպիսի փոփոխությունների, որոնք տեղի են ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Բեռլինի պատի անկումից հետո»,- ասված է հայտարարության տեքստում:
Հայտարարության մեջ ասվում է, որ բանկերը կարող են ապահովել ավելի քան 20 մլրդ դոլարի վարկեր, այդ թվում՝ 3.5 մլրդ դոլար Եվրոպական ներդրումային բանկից Եգիպտոսի և Թունիսի համար 2011-2013 թթ.:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Համաշխարհային բանկը Եգիպտոսին և Թունիսին 6 մլրդ դոլար է տրամադրել՝ հեղափոխությունների հետևանքները հաղթահարելու համար:











































