Երեկ Սերբիայում և Եվրոպայում բուռն քննարկումներ էին տեղի ունենում սերբ գեներալ Ռատկո Մլադիչի ձերբակալության կապակցությամբ, որին մեղադրում են բոսնիական պատերազմի շամանակ բոսնիացի մուսուլմանների դեմ գործած հանցագործությունների մեջ:
Ձերբակալությունից հետո Սերբիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց, որտեղ սերբերն իրենց դժգոհությունն են հայտնել այդ երկրում հերոս համարվող Մլադիչի ձերբակալության և նրան Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու հնարավորության կապակցությամբ:
Երեկ գեներալի արտահանձման հնարավորությունը քննարկել է նաև դատարանը, սակայն Մլադիչի հոգեկան և ֆիզիկական ծանր վիճակի պատճառով դատը հետաձգվել է:
Բացի արտակարգ մամուլի ասուլիսից, որտեղ հաղորդվել է Մլադիչի ձերբակալության մասին, երեկ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը CNN-ին տված հարցազրույցում հերքել է այն մեղադրանքը, թե սերբական իշխանություններն իմացել են Մլադիչի թաքնվելու վայրը, սակայն ձերբակալել են միայն այն ժամանակ, երբ որոշակի առաջընթաց է եղել Եվրամիությանն ինտեգրվելու հարցում:
Տեղեկացնենք, որ բոսնիական պատերազմի ժամանակ հանցանքների մեջ մեղադրվող զինվորականներին հանձնելու նախապայմանը հիմնականներից է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հարցում:
«Դա բացարձակ անհեթեթություն է»,- ասել է Տադիչը: Այս մեղադրանքը երեկ հնչեցրել էր նաև Բոսնիայի և Հերցեգովինայի գերագույն մարմնի անդամ Ժելկո Քոմշիչը:










































