Այսօր մեկնարկեց ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գումարել է հանդիսավոր հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը։ Ներկա են ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով` դաշնակցությունը սկսում է նախընտրական քարոզարշավը իրենց պլատֆորմի ներկայացմամբ. «Որովհետև մենք, ի տարբերություն շատ-շատերի, գաղափարախոսություն, ծրագիր, արժեհամակարգ, փորձառություն ունեցող կուսակցություն ենք։ Սկսում ենք՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Մեզ համար արդարությունը հիմքերի հիմքն է։ Արդարությունը հայ ժողովրդի տեսակի, բնույթի, էության մեջ է։ Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ազատ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ, զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի Հայաստանն է»,- ասաց Վարդանյանը:






































