Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրեն Միք Մալվանին հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի զգալիորեն կրճատել այլ պետություններին տրվող օտարերկրյա օգնության ծավալները: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է Պետդեպի և Միջազգային զարգացման գործակալության (USAID) բյուջեները կրճատել 37%-ով: Երկու բյուջեները կազմում են 50 մլրդ դոլար:
«Մենք պատրաստվում ենք օտարերկրյա օգնության կրճատում առջարկել, և պատրաստվում ենք առաջարկել այդ փողերը ծախսել այստեղ (ԱՄՆ-ում)»,- ասել է Մալվանին և հավելել, որ խոսքը «բավական զգալի կրճատումների մասին է»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ վարչակազմը մինչև մարտի 16-ը Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի դաշնային բյուջեի նախնական նախագիծը 2018 ֆինանսական տարվա համար: Հաղորդվում էր, որ նախատեսվում է 54 մլրդ դոլարով մեծացնել ռազմական բյուջեն: Թրամփը փետրվարի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կարող է լրացուցիչ մեծացվել 30 մլրդ դոլարով:







































