Այս տարվա առաջին 7 ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակի համեմատ մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 3.2 տոկոսով:
Պետական հատվածում այն բարձրացել է ավելի քիչ՝ 1.9 տոկոսով և կազմել 115 հազար 745 դրամ: Միաժամանակ, ոչ պետական, այսինքն՝ մասնավոր հատվածում, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է ավելի արագ՝ 5.5 տոկոսով՝ դառնալով 178 հազար 230 դրամ:
Այսպիսով՝ նախ ավելի է մեծացել պետական և ոչ պետական հատվածներում աշխատավարձերի միջև գոյություն ունեցող տարբերությունը՝ դառնալով 62 հազար 485 դրամ: Ընդամենը մեկ ամսի առաջ այդ տարբերությունը 61 հազար 611 դրամ էր:
Սակայն այստեղ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք: Սպառողական ապրանքների գներն այդ նույն ժամանակում բարձրացել են 4.7 տոկոսով: Ինչը նշանակում է, որ գներն ավելի քան 2 անգամ ավելի արագ են բարձրանում, քան պետական հատվածում աշխատավարձը: Այսինքն՝ իրական աշխատավարձը պետական հատվածում ոչ թե աճում, այլ արագ տեմպերով նվազում է:
Համեմատաբար բարվոք վիճակում են մասնավոր հատվածի աշխատողները, քանի որ այստեղ աշխատավարձի աճն առաջ է ընկնում գնաճից 0.8 տոկոսով, այսինքն՝ այստեղ իրական աշխատավարձն իհարկե դանդաղ տեմպերով, բայց աճում է: