Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր խորհրդական Ռեյմոնդ Մաքմասթերը հակակրանք է տածում Ռուսաստանի հանդեպ: Ինչպես գրում է Rall Call ամերիկյան թերթը, ՄաքՄասթերին չի կարելի համարել Ռուսաստանի բարեկամը:
Թերթի փոխանցմամբ՝ հենց նա է հանդիսանում «Նոր սերնդի ռուսական ռազմական գործի հետազոտություն» մոնոգրաֆիայի հեղինակը, որում խոսվում է Մոսկվայի աճող սպառնալիքի մասին: Այսպիսով, ՄաքՄասթերի դիրքորոշումը ամբողջությամբ հակասում է Մայքլ Ֆլինի տեսակետին, որն անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը լքեց Պուտինի վարչակազմի հետ կասկածելի կապեր ունենալու շուրջ ծագած սկանդալի պատճառով:
Նշվում է, որ 2016թ. մայիսին ՄաքՄասթերը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ քննարկելով Ռուսաստանի կողմից սպառնալիքները: Նա հայտարարել է, որ «Ռուսաստանն անօրինական ներխուժել է Ուկրաինա, դոմինանտ դիրքեր է գրավել այդ տարածքում, այնուհետև այնպես է իրավիճակը սարքել, որ կարծես թե մենք մեր գործընկերների և դաշնակիցների հետ էսկալացիա ենք իրականացնում»: Մաքմասթերը հավատացած է, Մոսկվայի նպատակը ոչ թե պաշտպանությունն է, այլ գրոհը, որի նպատակն է սառը պատերազմից հետո Եվրոպայում ստեղծված տնտեսական և քաղաքական կարգը փոխել այնպիսի կարգով, որը բարեհաճ վերաբերմունք կդրսևորի ռուսական շահերի հանդեպ: Միևնույն ժամանակ գեներալն իր ելույթի ժամանակ Մոսկվային մեղադրել է Եվրոպայում աջամետ կուսակցություններին ֆինանսավորելու, Սիրիայի նախագահի ռեժիմը և իրանցիներին աջակցելու համար:
55-ամյա ՄաքՄասթերը Պարսից ծոցում առաջին պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է արծաթե մեդալով: Նա Սպիտակ տանը բնութագրվում է որպես անձ, որը առանցքային դերակատարում է ունեցել Իրաքի և Աֆղանստանի տարածքում գործողությունների ժամանակ: Գեներալն ունի ինտելեկտուալի և ռազմական ստրատեգի համբավ:









































