Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր գյուղում ես ընտրելու եմ, առայժմ չգիտեմ՝ ում: Չիմանալուս մեղքը իմը չէ: Չեմ կողմնորոշվում: Որքան որ հնարավորություններս ներում են, հետևում եմ ընթացող զարգացումներին առավելապես գյուղի անցուդարձով:
Ինքս «սառած» դաշնակցական եմ: 90-ականներին կուսակցական անցուդարձին բավականին ակտիվորեն մասնակցել եմ: Նույնիսկ հոդվածներ էի տպում կուսակցության այն ժամանակվա թերթերում: Փորձում էի մայրաքաղաքում մասնակից դառնալ կուսակցության գործունեությանը: Շուտ հասկացա, որ ես երևանյան շրջանակներում կուսակցականությամբ զբաղվելու բան չեմ: Հետո մեծ առումով հասկացա, որ կուսակցությունը մաֆիայի սկզբունքով կառուցված ու ղեկավարվող մարմին է. առաջինը՝ շեֆին, հետո՝ ըստ հիերարխիայի ընտանիքի անդամներին, հետո էլ բան չի մնում, որ մտածեն մյուսների համար: Այդքանով հանդերձ, մտածում էի, որ անկախ ամեն ինչից՝ ՀՅԴ-ն ազգային կուսակցություն է և Արցախին ու հայապաշտպանությանը վերաբերող հարցերում անսասան է, ու հատկապես դրանից ելնելով՝ չնայած որպես դաշնակ «սառած եմ», ընտրություններում ընդամենը քվեարկությամբ սատարում էի ՀՅԴ-ին: Դաշնակցության վերջին տարիների պահվածքից հասկացա, որ այդ հարցում էլ եմ սխալվել:
Հիմա մեր գյուղում նախընտրական կամպանիան ակտիվորեն ընթանում է: Արդեն գրեթե մեկ շաբաթ է, որ սկսել են ստվերային ցուցակներ կազմել: Գյուղը, լինելով Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, բնականաբար՝ նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի «ազդեցության ոլորտում» է: Գրիգորյանների դիրքերը այս տարածքի գյուղերում բավականին ամուր են: Բայց, պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում և նրանով, որ Արտաշատի շրջանին շատ մոտ ենք, նախկին մարզպետ ու նաև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ մեր գյուղում բավականին «հետևորդներ» ունի: Գյուղում գործարար տղաներ էլ կան, և սրանցից մեկը ամիսներ առաջ՝ դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրերին, լուրջ պրոբլեմներ էր ունեցել, ընդհուպ մինչև տասնյակ հազարավոր դոլարներ կորցնելու աստիճանի:
Շրջանի հեղինակություն ունեցող տղաների միջնորդությամբ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն օգնել է, խնդիրները լուծվել են բարձր մակարդակով: Հետևաբար Աբրահամյաններն էլ գյուղում՝ ի դեմս այս տղաների, դիրքեր ունեն: Հավելեմ, որ գյուղապետն էլ Դաշնակցության անդամ է:
Արդեն մի շաբաթ է, ինչ «Բարգավաճ Հայաստանը» գյուղում շտաբ ունի: Հասկանալի է, որ Արգամիկի շտաբն է: Գրիգորյաններն էլ են շտաբ բացել: Երեկ էլ գյուղապետն է շտաբ բացել ու իր թեկնածությունն է դրել: Հանձնարարել են, որ դնի:
Մինչ այս ընտրությունները՝ նախորդ ընտրությունների ժամանակ, գյուղապետը, լինելով դաշնակցական, պայմանավորվում էր հանրապետականների հետ, և նրանց տված գումարներով 700-800 ընտրողներից 120-150 ձայնի համար փողը բաժանում էին Դաշնակցության անունից, ապահովում էր դաշնակների համար, 300-350-ը՝ հանրապետականների, 50-100 ձայն էլ թողնում էին մյուսներին: Այս տարի քանի որ ընտրական մեխանիզմը «բարենորոգվել, կատարելագործվել է», բնականաբար՝ Հանրապետական թեկնածուն չի համաձայնի, որ իր փողերով դաշնակներին ձայն ապահովեն, առավել ևս, որ նույն տարածքում հանրապետականներն են իրարից ձայն փախցնելու:
Հանրապետականի շտաբի տղաները, դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանի անմիջական օգնությամբ է գյուղի դպրոցը նորոգվել, մանկապարտեզը հիմնովին բարեկարգվել, հավելած, որ Արգամիկն էլ տղաներին ազատել է փորձանքից, պատասխանում են, որ պայմանավորվածություն կա՝ մինչև 150 ձայն տալու են «Բարգավաճին»: Հապա նախկին ոստիկանապետը. հատկապես, որ Հանրապետական կուսակցության մարզային համակարգողն է: Ասում են, որ ինքը իր մարդիկ ունի գյուղում, հեչ որ չէ՝ մի 80-100 ձայն կտանի:
Այստեղ միջանկյալ նշեմ, որ օրերս հանդիպեցի մտերիմներիցս մեկին, որ այս գործերում կա, և նա ինձ առաջարկեց, որ պայմանավորվեմ Արտաշատում ապրող իմ բարեկամների հետ, որտեղ ուժեղ են Հովիկ Աբրահամյանի ու Ալիկ Սարգսյանի դիրքերը, որ իրենք գյուղում հրաժարվեն ինչ-որ մեկից փող վերցնել, հայտարարեն, որ մաքուր քվեարկություն են անում, դրա դիմաց ինքը մեկ ձայնի համար կփոխանցի 15 հազար դրամ, ու քվեարկեն Արայիկ Գրիգորյանի օգտին:
Փաստորեն անխտիր բոլորը բոլորի դեմ են խաղում: Ընդդիմադիրն ու հանրապետականը իրար նույնքան հակառակորդ են, որքան որ երկու հանրապետականները: Մինչ այդ էլ հանրապետականների ու դաշնակցական գյուղապետի միջև խաղի կանոնների հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Վերջին պահին գյուղապետը, դնելով իր թեկնածությունը, փաստորեն խախտել է պայմանավորվածությունը, ինչը տղաների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել՝ հատկապես, որ դաշնակ գյուղապետը տղաներին տեղյակ է պահել, որ փող է բաժանելու: Տղաներն էլ նեղացած՝ փոխադարձել են, որ ամեն ձայնի համար իր տված գումարից 5 հազար ավելի են տալու, բայց չեն թողնելու, որ ինքը ձայն տանի:
Ընկերներիցս մեկը, որ աշխատում է գազի գրասենյակում, պատմում էր, որ իրենց հանձնարարվել է քվեարկել Հանրապետականի և Գրիգորյանի օգտին: Շեֆի տեղակալներից մեկը, որ ընկերոջս մտերիմն է, հետո իր մի քանի մտերիմներին խնդրել էր՝ «հանրապետականի, բայց Ալիկ Սարգսյանի օգտին»:
Շուրջ մեկ տարի առաջ հանրապետության այն ժամանակվա վարչապետ Աբրահամյանը Արարատի մարզի ջրօգտագործողների ընկերության տնօրեն նշանակեց իր նախկին թշնամի, հայտնի Գազի Հովոյի որդուն: Կհիշեք, որ Աբրահամյանները վերջիններիս տաքսիները վառեցին, հետո «ինչ-որ մարդիկ» Հովոյի տան վրա կրակեցին: Մեկ տարի առաջ, ի նշան հաշտության, Հովիկ Աբրահամյանը Գազի Հովոյի որդուն նշանակեց Արտաշատի ՋՕԸ-ի տնօրեն: Ստացվում է, որ նույն Հովոն ազգակցական կապեր ունի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ և գործող վարչապետի սանիկն է: Եվ հիմա գերապատվությունը տրվել է Գրիգորյանին: Մարզի ոռոգման ջրի համակարգի աշխատակիցներին հանձնարարվել է աշխատել Գրիգորյանի համար: Էներգացանցում Արարատի տարածաշրջանի ղեկավարները ուղղակի կապեր ունեն Գագիկ Ծառուկյանի ու նրա շրջապատի հետ: Այնպես որ՝ այստեղ բարգավաճականները ավելի ամուր դիրքերում են:
Մարզպետն էլ «արջի ծառայություն չմատուցելով»՝ սկսել է ակտիվորեն հանդիպումների հրավիրել գյուղապետերին և տալ համապատասխան հանձնարարականներ, որից հետո կամ առաջ Հանրապետականի մարզային կոորդինատոր Ալիկ Սարգսյանն է իր մոտ հրավիրում կուսակցության պատասխանատուներին, որ դարձյալ հիմնականում նույն գյուղապետերն են, ու ասում, թե ում պետք է ընտրեն: Ընդ որում, բոլորն էլ բոլոր դեպքերում առնվազն գոնե շտաբների միջոցով հասկացնում են, որ գումարը կա, դրա պրոբլեմը չի լինի: Բոլորի պարագայում է առայժմ շրջանառվում է 10-15 հազարի միջակայքը: Գրեթե ոչ մեկը «ձրի չի խոսում»: Բոլորն էլ լավ հասկանում են, որ անփող բացառվում է: Եվ ընկերներիցս մեկը, որ մարզի գյուղերից մեկում գյուղապետ է, նման հանդիպումներից մեկի ժամանակ ուղղակի ակնարկել էր՝ «իսկ գուցե փող չբաժանվի, քարոզչություն անենք, բայց առանց փողի»: Թերևս չէր համարձակվել ասել՝ ժողովրդին վերջնականապես չփչացնենք: Պատմում էր, որ դիմացինը այդպես էլ չհասկացավ, թե ինքն ինչ է ասում, ու «մի քանի վայրկյան ապշած դեմքիս նայելուց հետո շարունակեց իր խոսքը»:
Հիմա այդքանից հետո ես էլ եմ ապշել, չեմ կողմնորոշվում, թե «ում դեմքին նայեմ, ում ընտրեմ, ով է ավելի արժանավոր»:









































