ԱՄՆ իշխանությունները մտադիր են 1-2 օրվա ընթացքում հանրությանը հասանելի դարձնել գաղտնազերծված զեկույցը Սիրիայում քիմիական զենքի կիրառման տվյալների մասին: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Աղբյուրների խոսքերով՝ այս թեման քննարկվել է նախագահի և վարչակազմի ազգային անվտանգության հարցերով զբաղվող անդամների՝ շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպմանը:
«Օբաման կարգադրել է պատրաստել գաղտնազերծված զեկույցը հրապարակային տարածման համար՝ մինչ ցանկացած ռազմական ակցիա ձեռնարկելը: Այդ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա երկու օրերին»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ քննարկման ժամանակ բանավեճեր չեն եղել այն կապակցությամբ, թե ռազմական պատասխանն անհրաժեշտ է, խոսվել է այն մասին, թե ինչպիսին կլինի դրա հիմնավորումը, եթե ԱՄՆ-ը նման գործողություններ ձեռնարկի առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների:
Այն մասին, որ Վաշինգտոնն առաջիկա օրերին կհրապարակի Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր ապացույցներ, երկուշաբթի հաղորդել է պետքարտուղար Ջոն Քերին:









































