ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է խորհրդակցի Կոնգրեսի հետ՝ մինչ Սիրիայի դեմ ռազմական բնույթի գործողություններ ձեռնարկելը: Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհների մամլո քարտուղարը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
«Պետք է նաև հստակ որոշվեն նպատակներն ու ռազմավարությունը, թե ինչպես պետք է իրականացվեն առաջադրված խնդիրները»,- ասել է նա:
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Օբաման խորհրդակցություններ է անցկացրել Ավստրալիայի վարչապետ Քևին Ռադի հետ՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով մարդկանց զոհվելու հետ: Իր հերթին ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսը Վաշինգտոնում հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ, որի կազմում եղել է այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը:








































