Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, Տրապիզոնի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու քահանա Սանտորոյի մարդասպան Օղուզհան Աքդինը մտադրվել է սպանել նաև Հռոմի Պապին: Այս մասին նշված է բանտից իր հարազատներին Աքդինի ուղարկած նամակում.
«Բանտում ինձ թագավոր եմ զգում, PlayStation եմ խաղում, ամենևին չեմ նեղվում: Սանտորոն ո՞վ էր որ, ես սպանելու եմ Հռոմի պապին: Ես առավել հայտնի կդառնամ, քան Աղջան»:
Հիշեցնենք, որ քահանա Սանտորոն աղոթելու ժամանակ սպանվել է 2006 թվականի փետրվարի 5-ին: Այդ սպանության համար 16-ամյա Աքդինը դատապարտվել է 18 տարի 10 ամիս 20 օր ազատազրկման:
Ինչ վերաբերում է Մեհմեթ Ալի Աղջային, ապա նա 1981 թվականի մայիսի 13-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում մահափորձ էր ձեռնարկել Հովհաննես Պողոս 2-րդ պապի դեմ:
Աղջան բանտից ազատ է արձակվել այս տարվա հունվարին և հայտարարել, որ Պապի սպանության որոշումը կայացրել է Վատիկանի վարչակազմը, Պապին սպանելու հրամանն արձակել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Ագոստինո Կազարոլին:











































