Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվում է Էդգար Ղևոնդյանի և Կարինե Անդրեասյանի գործի դատավարությունը:
29-ամյա Էդգարը և 23-ամյա Կարինեն ամուսիններ են:
2013 թվականի ապրիլի 24-ին Էդգար Ղևոնդյանը Ծիծեռնակաբերդ գնալու փոխարեն ձեռք է բերել 105 հատ 1000 դրամանոց կեղծ թղթադրամներ:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ երկու օր անց՝ ապրիլի 26-ին, ամուսինները կեղծ թղթադրամներն իրացնելու մտադրությամբ գնացել են Երևանի Սասունցի Դավթի փողոցում գտնվող մթերային խանութ:
Առաջինը խանութ է մտել Էդգարը և վաճառողուհի Լուսիկի ամուսնուց գնել 300 դրամ արժողությամբ մեկ տուփ «Վիպ» ծխախոտ՝ վճարելով մեկ հատ 1000 դրամանոց կեղծ թղթադրամ: Ռաֆիկը պատրաստակամ վերադարձրել է մանրը՝ Էդգարին տալով իսկական 700 դրամ:
Ապա խանութ է մտել Կարինեն ու վաճառողուհի Լուսիկից փորձել է գնումներ կատարել՝ վճարելով կեղծ 1000 դրամանոց թղթադրամներով, սակայն Լուսիկն ամուսնու նման միամիտ չի եղել, անմիջապես գլխի է ընկել, որ գնորդուհին կեղծ թղթադրամներով է առևտուր անում, ու զանգահարել է ոստիկանություն:
Վաճառող ամուսինները, այսպիսով, «մերկացրել են» հանցավոր մտադրությամբ խանութ մտած ամուսիններին:
Էդգար Ղևոնդյանին և Կարինե Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Էդգար Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Կարինե Անդրեասյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:








































