Google-ը ստեղծում է տաքսի, որը քաղաքի փողոցներով կընթանա ինքնուրույն՝ առանց վարորդի: Ինչպես հայտնել են իրազեկ աղբյուրները, ընկերությունը բանակցություններ է անցկացնում ավտոմասեր արտադրող Continental և Magna International ընկերությունների հետ՝ իր նորույթի համար ավտոպահեստամասեր մատակարարելու համար:
Սեփական բրենդի ներքո «անիվավոր անօդաչուների» ստեղծման գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ խոշոր ավտոկոնցեռնները հրաժարվել են նրա հետ համագործակցել: Մասնավորապես, Google-ի տեխնոլոգիաներն իրենց մեքենաների մեջ տեղադրելուց հրաժարվել է Daimler AG-ն:
Google-ը վերջին մի քանի տարիներին փորձարկում է ինքնակառավարվող մեքենաներ: Այդ մեքենաներում կիրառված են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան, Google Street View-ի առցանց քարտեզի տվյալները, տեսախցիկներ և մի շարք ցուցիչներ: Այն գործարկվում է միայն որոշակի և խիստ վերահսկվող տարածքներում: Փորձերի համար Google-ը կիրառում է Toyota Prius և Audi TT մոդելները: Մոդիֆիկացված Toyota Prius-ի ինքնարժեքը գերազանցում է 150 հազար դոլարը:











































