Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում բնակիչների միջին տարիքը 70-75 է: 60 բնակիչ ունեցող այս գյուղում ընդամենը 30-32 ընտանիք կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ձորաստանի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը: Նրա տվյալներով՝ գյուղում երիտասարդ ընտանիք չկա:
«Երիտասարդության 80 տոկոսը դրսում է, շատերը գնացել են, մեկը մյուսին տարել է, մնացած 20 տոկոսն էլ Երևանում է աշխատանքի տեղավորվել, շաբաթ-կիրակի գալիս են ծնողներին այցելության, էլի գնում են: Գյուղում ամենաերիտասարդ ընտանիքը ես եմ՝ 50 տարեկան»,- ասաց գյուղապետը:
Ըստ Ավետիս Ավետիսյանի՝ ապրելու հիմնական միջոցը թոշակն է ու դրսից ուղարկված փողերը: Դպրոց, մանկապարտեզ չկա գյուղում, հիսունականներից դպրոցը վերացել է, դրանից հետո այն տղաները, որ հիմա Սանկտ Պետերբուրգում են, Առաջաձորի դպրոց են գնացել: Մանկապարտեզ ընդհանրապես չի եղել:
«Վերջին անգամ մեր տարեկիցների հարսանիքներն են եղել գյուղում, թե չէ ջահել չկա, գյուղում ո՞վ է ամուսնանում, կարող է մեկի տատը մնացած լինի, մյուսի` պապը»,- նշեց Ավետիս Ավետիսյանը:
Նրա կարծիքով՝ այն երիտասարդները, որ քաղաքում են աշխատում, կամաց-կամաց ուղիներ են փնտրում հեռանալու: «Մենք էլ, որ մնացել ենք, մեզ մոտ հայրենասիրական ոգին մի քիչ շատ է, դրա համար մնացել ենք»,- ասաց գյուղապետը:
Ամեն տարի, 2001թ. ի վեր, օգոստոսի երկրորդ կիրակին Ձորաստանում շատ մեծ խանդավառությամբ նշում են իրենց գյուղի օրը: Գյուղը վերանորոգված եկեղեցի ունի, կենցաղի, կուլտուրայի տուն, բայց երիտասարդներ չկան:
«Դպրոց ստեղծենք, ո՞ւմ ուղարկենք: Երիտասարդները կարող է Լենինգրադը, Մոսկվան թողնեն գան, հա՞»,- իր խոսքը գյուղապետը եզրափակեց հարցադրմամբ:









































