Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվում է Արթուր Եգորյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 38-ամյա Արթուրն իր մոր ծննդյան օրվա կապակցությամբ իրենց բնակարանում երաժշտությունը շատ բարձր է միացրել: Այդ հարցով նրա հետ վիճաբանել է հարևան Դավիթ Խաչատրյանը: Բանը հասել է փոխադարձ հարվածներ հասցնելուն: Կռվողները բակ են իջել:
Վիճաբանության ձայներից բակ են դուրս եկել նաև Դավիթ Խաչատրյանի մայրը, այլ մարդիկ: Նրանք կռվողներին բաժանել են:
Արթուր Եգորյանը Դավիթ Խաչատրյանին հարվածելու անզուսպ ցանկությամբ շարունակել է ձեռքերն անփութորեն թափահարել, ինչի արդյունքում ձախ ձեռքի արմունկով հարվածել է վիճաբանությունը կանխելու նպատակով մոտեցող Հայկազ Խաչատրյանի ձախ քունքի շրջանին, որից Հայկազ Խաչատրյանը ծոծրակային մասով ընկել է գետնին, գլուխը հարվածել եզրաքարին, ու նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Գործի քննությանը դատարանում որպես կողմ հանդես է գալու տուժողի իրավահաջորդը, ուրեմն տուժողն արդեն ողջ չէ:
Արթուր Եգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:












































