Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչական դատարանը երեկ վճռել է չեղյալ հայտարարել այս տարվա հունվարին ալկոհոլի վաճառքի վրա դրված սահմանափակումները:
Դրանց համաձայն` ալկոհոլ գնել ցանկացողների տարիքը 18-ից բարձրացվել էր 24-ի: Բացի այդ, խանութներին արգելվել էր վաճառել փոքր շշերով սպիրտային խմիչքներ: Այդ ամենը պատճառաբանվել էր երիտասարդությանն ալկոհոլից հեռու պահելու անհրաժեշտությամբ:
Ի դեպ, նույն օրենքով արգելվել էր նաև ալկոհոլի վաճառքը զանգվածային վայրերում, որտեղ հավաքվում է երիտասարդությունը, այսինքն` փառատոների, համերգների և նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ:
Այս օրենքի ընդունման նախաձեռնողը էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է (ԱԶԿ), որը Թուրքիայում իշխանության եկավ 2002 թվականի նոյեմբերին: Դրանից հետո Թուրքիայում զգալիորեն աճեցին ալկոհոլային արտադրանքի վրա դրված հարկերը: Միայն 2010 թվականին դրանք ավելացան 25 տոկոսով:
Այդ ամենը հարուցել էր Բարերի ասոցիացիայի դժգոհությունը, որն էլ դիմել էր դատարան` պահանջելով վերացնել վերոնշյալ սահմանափակումները:
Այժմ դատարանը մասնակիորեն բավարարել է այդ հայցը` ալկոհոլի վաճառքի տարիքը նվազեցնելով մինչև 18-ը և հանելով տարաների չափերի արգելքը:
Հիշեցնենք, որ ԱԶԿ-ն ունի «չափավոր իսլամական» կուսակցության համբավ, նրա անդամներին անվանում են նաև «իսլամիստ դեմոկրատներ»:







































