Հայ և թուրք հեղինակները համատեղ նկարահանել են սիրողական 5 ֆիլմեր։ Ֆիլմերից երեքն այսօր ցուցադրվեցին «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում։ Ցուցադրմանը ներկա էին նաև նախագծի հայ մասնակիցները՝ Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն ՀԿ անդամները։
Այսօր ցուցադրվեցին «Ընդհատված երկխոսություն», «Վեճ» և «Հայալ» (թուրքերեն՝ երազանք) ֆիլմերը։
«Մենք տարածաշրջանային ուսումնասիրություններ էինք իրականացնում, որոնց արդյունքում պարզեցինք, որ տարածաշրջանի ժողովուրդները միևնույն խնդիրներն ունեն։ Այդպես ցանկություն առաջացավ երկխոսելու»,- ծրագրի ստեղծման պատմությունն է ներկայացնում Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը։
Հայկական կազմակերպության համագործակցելու առաջարկը ուրախությամբ ընդունել է ԿոսմոՎիզուալ ՀԿ-ն։ Արդյունքում՝ ստեղծվել են համատեղ ֆիլմերը, որոնք պատմում են Գյումրիի և Կարսի մասին։ «Հենց այս քաղաքների ընտրությունը կապված է դրանց պատմականորեն ունեցած կապով։ Նախկինում Գյումրիում բազում թուրքեր են ապրել, գյումրեցիներից շատերն էլ գաղթել են Կարսից»,- ասում է Աշոտ Միրզոյանը։
Ցուցադրումից հետո տեղի ունեցավ ֆիլմերի քննարկում։







































