Կրոնական, էթնիկ փոքրամասնությունները, կանայք և ԼԳԲՏ ներկայացուցիչները թուրքական մամուլի կողմից հաճախ թիրախավորվում են որպես ատելության, խտրականության և ռասիզմի դրսևորման օբյեկտներ: Այս մասին ասվում է Հրանտ Դինքի հիմնադրամի հրապարակած զեկույցում՝ փոխանցում է Today՝s Zaman-ը:
«Ատելության լեզուն մամուլում» վերտառությամբ զեկույցը, որը հրապարակվել է հինգշաբթի, ներառում է վիճակագրություն և փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի նկատմամբ մամուլի անդրադարձների վերլուծություններ:
Հիմնադրամը հունվար-մարտ ամիսներին արձանագրել է փոքրամասնությունների և խոցելի խմբերի նկատմամբ ատելության լեզվով գրված հրապարակումների թվաքանակի աճ՝ հիմնադրամի կողմից նախկին ուսումնասիրությունների արդյունքների համեմատ: Սակայն նման հրապարակումների թիրախ դարձող խմբերի թիվը նվազել է 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ամենից հաճախ ատելության և խտրական լեզվով գրված հրապարակումների թիրախ են դարձել հայերը, հույներն ու քրիստոնյաները: Այնուհետև հաջորդում են Թուրքիայի հունական և քրդական համայնքները: Դիտարկվող ամիսներին քրդերի հանդեպ ատելության դրսևորմամբ հրապարակումերը շատացել են՝ Խոջալուի դեպքերի տարելիցի, Փարիզում PKK-ական 3 կանանց մահվան և Մալիում Ֆրանսիայի ռազմական արշավի մասին նյութերում:
Մամուլում ատելությունը տարածվում է նաև ԼԳԲՏ ներկայացուցիչների վրա: Նյութերը հիմնականում հենվում են հերոսի մանրակրկիտ ֆիզիկական նկարագրության վրա:











































