Ամերիկացի ընտրողների շուրջ 40 տոկոսոը կողմ է նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթին։ Այս մասին վկայում է Public Policy Polling ընկերության հարցումը։
«Դոնալդ Թրամփը շուրջ երկու շաբաթ է, ինչ զբաղեցրել է նախագահի պաշտոնը, բայց ընտրողների 40 տոկոսն արդեն ցանկանում է նրա իմփիչմենթը»,-նշել են ընկերությունում։
Իմփիչմենթի դեմ է արտահայտվել հարցվածների 35 տոկոսը, ձեռնպահ է մնացել՝ 12 տոկոսը։ Հարցման տվյալների համաձայն՝ ընտրողների շուրջ 52 տոկոսը կնախընտրեր նախագահի պաշտոնում տեսնել Բարաք Օբամային, 43 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին։
«Սովորաբար նորընտիր նախագահը ժողովրդավարության գագաթնակետին է գտնվում և «մեղրամսի» մեջ է լինում սկզբնական ժամանակահատվածում։ Բայց Դոնալդ Թրամփը կրկին պատմություն է կերտում, քանի որ ընտրողների զգալի մասը արդեն ցանկանում է նրա իմփիչմենթը, իսկ մեծ մասն էլ ցանկանում է վերադարձնել Օբամային»,-հայտարարել է Public Policy Polling-ի ղեկավար Դին Բենբամը։











































