Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի մասնակիցները հայոց լեզվի և հայագիտության արագացված դասընթացներ են անցնում: Հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը:
Նախարար Հ. Հակոբյանը շրջել է դասասենյակներով, ուր լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեցող երիտասարդները սովորում են հայերեն, հայագիտության դասեր են առնում՝ ծանոթանալով հայոց պատմությանը, մշակույթին, լեզվի և կրոնի պատմությանը:
Ծրագրի մասնակիցները նախարարին ողջունել են Հայաստանի օրհներգի կատարումով և Տերունական աղոթքով, այնուհետև ներկայացրել են դասընթացի ժամանակ իրենց ձեռք բերած գիտելիքները լեզվի և պատմության վերաբերյալ, հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով:
Լեզվի իմացությունը համարելով հայ ինքնության պահպանման կարևորագույն գրավականը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հորդորել է երիտասարդներին լավ սովորել մայրենին, պահպանել այն և խոսել միայն հայերեն: Այս նպատակով է, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրականացվում են հայերենի արագացված դասընթացներ: Նախարար Հ. Հակոբյանի բնորոշմամբ այս ծրագրի արդյունքները ակնհայտ են լինելու մեկ տասնամյակ անց, իսկ այժմ միայն դրա հիմքերն են դրվում:









































