Որպես նախագահ Բարաք Օբամայի վերջին հեռախոսազանգը ուղղված է եղել Անգելա Մերկելին, ինչը վերահաստատել է վերջին ութ տարիների նրանց բարեկամությունը և դաշինքը` չլինելով պարզապես հրաժեշտ: Օբաման Մերկելին է փոխանցել իր գավազանը: Գերմանիայի կանցլերը պարզապես Եվրոպայի առաջնորդը չէ, այժմ նա ազատ աշխարհի դե ֆակտո առաջնորդն է, հայտնում է Independent-ը:
Երեք անգամ ընտրված, քվանտային քիմիայի գծով նախկին գիտնականը Արևելյան Գերմանիայից, իր ուսերին կրում է ոչ միայն Գերմանիայի և Եվրոպայի ծանրությունը, այլ պաշտպանում է ազատությունը և լիբերալիզմը ողջ աշխարհում:
Սա սադրանքի կամ չափազանցելու փորձ չէ: Ինքնստինքնյան Դոնալդ Թրամփը չի կարող հանդես գալ որպես ազատ աշխարհի «առաջնորդ»: Ամերիկայի ռազմական հզորությունը միակ անհրաժեշտ չափանիշը չէ:
Այդ տիտղոսը նախագահից նաև պահանջում է նվիրվածությունը լիբերալ ժողովրդավարության արժեքներին: Սակայն ի տարբերություն իր նախորդների` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, արդեն պարզ է, որ Թրամփը այդպիսի հակվածություն չունի: Նա մեծ արագությամբ գնում է հակառակ ուղղությամբ:
Իր երդմնակալությունից հետո Թրամփը անտեսեց դատավորներին, չնայած ազատ դատական համակարգը և ուժերի տարանջատումը առանցքային են ժողովրդավարության համար:
Ներգաղթյալների արտաքսումը ընդգծեց ավելի հրեշավորը: Եթե նախագահը կարող է կտրուկ սահմանափակել ԱՄՆ բնակիչների իրավունքները, առանց հաշվի առնելու օրենսդիրներին և նույնիսկ կառավարական մարմիններին, նա արդյունքում ինքնիշխան է:
Դրանց հետևում է Թրամփի հարձակումը միջազգային առևտրի և համագործակցության վրա: Նա սպառնում է Մեքսիկային, Չինաստանին և արդեն ԵՄ-ին: Ո՞վ կլինի հաջորդը:
Եվ վերջապես՝ Թրամփի վարչակազմի թշնամությունը լրատվամիջոցների նկատմամբ: Անկախ նրանց կողմնակալությունից, ծաղկող ժողովրդավարությունը կարիք ունի կառավարությանը մարտկոչ նետելու պատրաստ մեդիայի: Թրամփը պարզապես թշնամաբար չէ տրամադրված քննադատությանը: Իր խեղաթյուրված աշխարհում նա պետք է մղվի ստից և վրեժխնդրությունից: Երբ նրա գլխավոր օգնական Սթիվ Բանոնը ասում է, որ մեդիան պետք է «փակ պահի իր բերանը», նրանք դա էլ նկատի ունեն: Նրանք չեն ցանկանում ազատ մամուլ, որը քննադատում է բոլորին: Սրանք բառեր են, որոնք օգտագործում են բռնապետները, ոչ դեմոկրատները:
ԱՄՆ նախագահը դրդապատճառներ չունի պաշտպանելու լիբերալ ժողովրդավարությունը կամ ազատությունը, նրա միակ գաղափարախոսությունը Թրամփիզմն է. կորպորատիվ ինքնիշխանություն պոպուլիստական ճակատով: Եվ նա շրջապատում է իրեն ազգայնամոլներով, նույնիսկ ավելի թշնամաբար տրամադրված լիբերալ ժողովրդավարությանը, քան ինքն է:
Մեծանալով կոմունիստական Արևելյան Գերմանիայում, Անգելա Մերկելը Թրամփի հակապատկերն է: Նա ոչ միայն ճանաչում է աուտոկրատիայի ձայնը, այլ ընտրել է դրանից խուսափելը:
Այդ պատճառով նա դիմադրել է Թրամփի սպառնալիքներին և մոլեռանդությանը, երկուշաբթի օրը ասելով, որ «ահաբեկչության դեմ անհրաժեշտ պայքարը» չի արդարացնում «մարդկանց որոշ խմբերին կասկածի տակ դնելը»:
Այժմ պարզ է, որ ազատ աշխարհը կարիք ունի նոր առաջնորդի: Հարգելով Ջասթին Թրյուդոյին, Կանադան պարզապես այդքան հզոր չէ: Դա պետք է լինի Անգելա Մերկելը:










































