Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել չվերանայել հարցաքնությունների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ ջրով կտտանքների և դաժան ազդեցության այլ մեթոդների կիրառման արգելքը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Մելցերի հայտարարությունը:
Ջրի միջոցով հարցաքննվողների վրա ազդեցությունը «առանց որևէ կասկածի կտտանք է», նշել է Մելցերը: «Այդպիսի պրակտիկայի նկատմամբ ցանկացած հանդուրժողական վերաբերմունք, բարեսրտություն կամ զիջում, որքան էլ բացառիկ այն լինի և ինչպես էլ փաստարկվի, անխուսափելիորն կհանգեցնեն լիակատար կամայականության և դաժան ուժի»,- համոզված է փորձագետը: «Ես նախագահ Թրամփին շտապ կարգով կոչ եմ անում ուշադիր մտածել ԱՄՆ-ի ոչ միայն իրավաբանական պարտավորությունների, դոկտրինայի և ավանդույթների մասին, այլև ամբողջ համաշխարհային հանրության իրավաբանական և բարոյական հայացքների մասին նախքան նորից թույլատրելը հարցաքննության մեթոդները, որոնք ավելի շուտ ասոցացվում են բարբարոսության հետ, քան քաղաքակրթվածության»,- հայտարարել է հատուկ զեկուցողը: Նա զգուշացրել է ԱՄՆ-ում «ամբողջ աշխարհի համար կտտանքների կիրառման հնարավոր վերականգնման աղետալի հետևանքների մասին»:
Թրամփը հունվարի 25-ին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վստահ է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողների հարցաքննության ժամանակ այնպիսի կտտանքների կիրառման արդյունավետության հարցում, ինչպիսին է՝ խեղդվելու նմանակումը, սակայն այդ միջոցների կիրառման նպատակահարմարության հարցում կապավինի ազգային անվտանգության հարցերով իր թիմի ներկայացուցիչների կարծիքին:








































